Not Selected

ԱՅՑ «ԴԻՆԱՄՈ ԹԲԻԼԻՍԻԻ» ԵՎ «ՍԱԲՈՒՐԹԱԼՈՅԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ

16/02/2022

Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտու» ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը հանդիպումներ ունեցավ «Դինամո Թբիլիսիի» և «Սաբուրթալոյի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ղեկավարների հետ։

Հանդիպումներն անցան դրական մթնոլորտում, որոնց ընթացքում քննարկվեցին, թե ինչպիսի նախադրյալներ կան համագործակցությունը շարունակելու համար, որի հիմքը դրվել էր այս ուսումնամարզական հավաքով։

Հանդիպման մասին իր կարծիքով կիսվեց «Ուրարտու» ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը․

«Ընդհանուր առմամբ, տպավորություններս շատ դրական են, «Դինամո Թբիլիսիի» ակադեմիայի տնօրեն Լևան Գվանցելաձեի հետ հանդիպումը ծառայեց իր նպատակին։ Համաձայնության եկանք, որ ընկերական հանդիպումներ կամ մրցաշարեր են անցկացվելու ապագայում ինչպես «Ուրարտուի» մարզաբազայում, այնպես էլ «Դինամո Թբիլիսիի»։ Հույս ունեմ, որ այս համագործակցությունը միայն կուժեղացնի մեր ակադեմիաները։

Ինչ վերաբերում է «Սաբուրթալոյի» ակադեմիա կատարած այցին, պետք է նշեմ, որ կրկին ունենք համագործակցելու լավ հնարավորություններ։ Ծանոթացա նրանց ակադեմիայի զարգացման ծրագրի հետ, ինչպես նաև Վրաստանի մանկապատանեկան ֆուտբոլի հեռանկարներին։ «Սաբուրթալոյի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ղեկավար Վլադիմիր Մուսերիձեի հետ քննարկվեցին ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու տարբերակները»։

Արթուր Նազարեթյանը խոսեց նաև Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին.

«Ուսումնամարզական հավաքն անցնում է սպասվածից ավելի լավ։ Մեր մրցակիցները շատ բարդ թիմեր են, և ոչ մեկի հետ հեշտ մրցավեճ չի լինելու։ Միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ անկախ գրանցած արդյունքներից մեր երեխաները Հայաստան կվերադառնան կուտակած մեծ փորձով, որը կօգնի նաև 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերի ընթացքում»։

Հիշեցնենք, որ «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերը Թբիլիսի էին ուղևորվել փետրվարի 12-ին և հայրենիք կվերադառնան փետրվարի 20-ին։