Not Selected

ԱՐՏԱԳՆԱ ՀԱՂԹԱՆԱԿ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

29/10/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Օլեգ Պոլյակովն ու Եվհենի Ցիմբալյուկը, իսկ մրցակցի միակ գոլը խփեց Օլաոլուվա Օջետունդեն։

Նշենք, որ այս թիմերի միջև «Ուրարտու» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Լեռնային Արցախի» հաղթանակով՝ 2-3 հաշվով։

Հանդիպման առաջին րոպեներից տանտերերն ակտիվ գրոհում էին` ստեղծելով իրենց բավական հարմար պահեր։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներն էլ հնարավորություններ ստեղծում էին հակառակ դարպասի ուղղությամբ, և նման դրվագներից մեկում գնդակը կորցնելու արդյունքում մեր տղաները ստիպված եղան արագ վերադառնալ պաշտպանություն, սակայն «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Օլաոլուվա Օջետունդեն, նկատելով դարպասն անպաշտպան թողած Ալեքսանդր Մելիխովին ու օգտվելով նրա դիրքից, բացեց հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին։ Մեր թիմի ֆուտբոլիստները չհուսահատվեցին, քանի որ ողջ հանդիպումը դեռ առջևում էր, և անընդհատ դիրքային գրոհներ էին ստեղծում։ Հաշիվը հավասարեցնելու բոլոր փորձերը խափանվում էին մինչև հանդիպման 35-րդ րոպեն, երբ ամենաիրական հնարավորությունը «Ուրարտուն» վերածեց գոլի։ Ժիրայր Մարգարյանը գնդակը եզրից ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Մաքսիմ Մայրովիչի հարվածն ավարտին հասցրեց Օլեգ Պոլյակովը՝ հավասարեցնելով հաշիվը։ Մեր տղաները շարունակում էին իրենց ակտիվ պրեսինգը, մեկ անգամ էլ կարողացան գրավել դարպասը, սակայն Ժունիորի հարվածից հետո արձանագրվեց խաղից դուրս վիճակ։ Մինչ ընդմիջման գնալը Գունկոյի տղաները նույնիսկ առաջ անցան հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը։ Թիմերը հանդերձարան գնացին մեր թիմի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի անկաշկանդ ֆուտբոլ ցուցադրեցին, տանտերերը՝ սպասողական, մեր տղաներն էլ փորձում էին տիրել նախաձեռնությանը և թելադրել իրենց ֆուտբոլը։ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներն առանձնակի շանսեր չունեին, փորձում էին հիմնականում հակագրոհներով առաջ շարժվել։ Հանդիպման վերջնամասում իրավիճակը սրվեց, հաճախ կարելի էր կանոնների խախտում նկատել։ Հանդիպման 85-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը մրցակցի հետ բախման արդյունքում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Հաշվի առնելով 1 հոգով պակաս լինելը խաղադաշտում ու վտանգ պարունակող հաշիվը՝ մեր թիմն սկսեց ավելի զգույշ գործել։ Բայց նրանց հաջողվեց պահպանել առավելությունն ու տոնել 7-րդ անընդմեջ հաղթանակն ու 9 խաղ մնալ անպարտելի։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի նոյեմբերի 4-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին: Խաղի մեկնարկը 19:00-ին է։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2

1-0 Օլաոլլուվա Օջետունդե (5'), 1-1 Օլեգ Պոլյակով (35'), 1-2 Եվհենի Ցիմբալյուկ (44')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 23. Վյաչեսլավ Գրիգորյան, 6. Արամ Կոստանդյան (ա), 17. Արարատ Չիլինգարյան, 15. Արթուր Խաչատրյան, 89. Յեիսոն Ռասինես, 10. Նթոնե Վալդո, 3. Բոբ տոբի Ժոպե, 31. Վլադիմիր Խարատյան, 99. Օլաոլուվա Օջետունդե, 20. Սիմոն Օբոնդե, 66. Խուան Պալասիո։

Պահեստայիններ՝ 1. Սերգեյ Ասրյան, 13. Արման Հարությունյան, 2. Մարատ Կարապետյան, 8. Տիգրան Սիմոնյան, 9. Արսեն Հովհաննիսյան, 5. Գոռ Պողոսյան, 77. Մարվին Պերեա, 16. Տոբա Դժուն, 46. Աշոտ Ադամյան, 33. Արամայիս Մարդիյան, 29. Դանիել Պալոմեռա։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի, 4. Եվհենի Ցիմբալյուկ, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 33. Մարկոս Ժունիոր, 9. Նարեկ Աղասարյան, 8. Ուգոչուկվու Իվու, 10 Կարեն Մելքոնյան, 15. Մաքսիմ Մայրովիչ, 90. Օլեգ Պոլյակով։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 36. Խարիտոն Այվազյան, 67. Վադիմ Պարամոնով, 19. Սերգեյ Մկրտչյան, 27. Դավիթ Խուրցիձե, 21. Նարեկ Գրիգորյան, 13. Դմիտրո Խլյոբաս։