Not Selected

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

26/11/2022

Fastex Հայաստանի գավաթի 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուն» իր ելույթները սկսում է քառորդ եզրափակչից։ Վիճակահանության արդյունքում մեր թիմին բաժին հասավ «Արարատ-Արմենիան», որի հետ պայքարում կիսաեզրափակիչ դուրս եկող թիմը կորոշվի մեկ խաղով։

ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում միմյանց դեմ խաղալու փորձ շատ ունեն, իսկ ահա գավաթի խաղարկություններում նրանք առաջին անգամ են հանդիպելու։ Առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմերը դեռևս երկու անգամ են մրցել, երկու խաղերում էլ հաղթողի կարգավիճակը մեր թիմինն է եղել և երկու դեպքում էլ Գունկոյի տղաները նվազագույն հաշվով են առավելության հասել։

Թիմերի միջև ընդհանուր դիմակայությունում պատկերը հետևյալն է՝ 15 խաղում 5 հաղթանակ տոնել «Արարատ-Արմենիան», 6 խաղում հաղթողը չի պարզվել, 4-ն էլ ավարտվել է մեր հաղթանակով։ 

ՆԱԽՈՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԻՄԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Նախորդ տարվա գավաթային պայքարում «Արարատ-Արմենիան» հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ 1/8-ում նա հաղթահարեց «Լեռնային Արցախի» արգելքը, իսկ 1/4-րդ եզրափակչում հանդիպեց «Նորավանքի» դիմադրությանն ու լքեց պայքարը։ «Ուրարտուն» էլ քառորդ եզրափակչում հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ, կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեց «Վանին», իսկ եզրափակչում գավաթակրի տիտղոսը զիջեց «Նորավանքին»։

Գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան», 1/8-րդ եզրափակչում 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը, ապահովեց տեղը քառորդ եզրափակչում, իսկ վիճակահանության արդյունքում բաժին հասավ մեր թիմը, որն իր ելույթները սկսում է հենց այս փուլից։

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» խաղի հաղթողն արդեն կիսաեզրափակչում ուժերը կչափի կամ «Փյունիկ» - «Նոա» զույգի հաղթողի, կամ իրենց տեղը կիսաեզրափակչում արդեն ապահոված «Գանձասար», «Շիրակի» թիմերից մեկի հետ։ 

Եվ այսպես, Fastex Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակչի «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի 17։00-ին։