Not Selected

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ «ՍՅՈՒՆԻՔԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

02/04/2024

Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Սյունիքի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան Դավիթ Ղիասյանը և Արթուր Իսրայելյանը, իսկ մրցակցի կազմից աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Ալեն Կարապետյանը։

Հանդիպման առաջին իսկ րոպեներից ընթացավ ակտիվ պայքար՝ երկուստեք վստանգավոր գրոհներով։ Երկու թիմերն էլ փորձում էին վերցնել իրենց ձեռքը գնդակի վերահսկողությունը և թելադրել խաղը։ Առաջին լուրջ դրվագը ստեղծվեց հանդիպման 27-րդ րոպեին, որն էլ ավարտվեց մեր տղաների խփած գոլով։ Աջ եզրից Կարեն Դավթյանը գեղեցիկ անցումից հետո մտավ տուգանային հրապարակ և փոխանցեց գրոհին միացած Դավիթ Ղիասյանին, ով էլ հանգիստ կերպով գնդակն ուղարկեց դարպասի մոտակա անկյունը՝ բացելով խաղի հաշիվը։ Երկու րոպե անց մեր տղաները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, բայց Դավիթ Ղիասյանը լավ փոխանցումից հետո մոտ տարածությունից վրիպեց Գագիկ Մելոյանը։ Հետզհետե մրցակիցը ևս մոտեցավ մեր դարպասին։ 35-րդ րոպեին հեռահար հարվածով «Սյունիքը» փորձեց խոցել մեր դարպասը, բայց գեղեցիկ սեյվով հեռացրեց գնդակը Հայկ Ղազարյանը։ Երկու րոպե անց սուր գրոհ անցկացրեց «Ուրարտու-2»-ը և պատժեց մրցակցին։ Կարեն Դավթյանի մոտ տարածությունից կատարած հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը, բայց վրա հասած Արթուր Իսրայելյանը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը։ Առաջին կեսի վերջում «Սյունիքը» ակտիվացավ և կարող էր մեկ գնդակ հետ բերել։ Անկյունային փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Պետրոս Աֆանջյանի մոտ, սակայնի հուժկու հարվածի ճանապարհը փակեց Նարեկ Դավթյանը։ Թիմերը գնացին ընդմիջման 2-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն արդեն «Սյունիքի» ձեռքերում էր։ Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը միանգամից մեծ ճնշում գործադրեց մեր թիմի դարպասին, իսկ «Ուրարտու-2»-ը փորձում էր հանգստացնել խաղը և գործել հակագրոհների վրա։ Մրցակցի ճնշումը արագ բերեց իր արդյունքը։ Խորքից կատարած փոխանցումից հետո, ոչ մի վտանգ չպարունակող դրվագում հարվածեց Համլետ Մինասյանը, բայց Հայկ Ղազարյանի անվստահ խաղի արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում։ Խփած գոլը հյուրերին էլ ավելի ակտիվացրեց իսկ մեր դարպասին ճնշումը մեծացավ։ 68-րդ րոպեին հերթական վտանգավոր հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ մեր դարպասի կողքով։ 79-րդ րոպեին արդեն Կարեն Առաքելյանի տղաները կարող էին խփել 3-րդ գնդակը։ Անկյունային փոխանցումը փորձեց արդյունվետ եզրափակել Ալիկ Մկրտչյանը, բայց գնդակը բարձր ընթացավ։ Խաղավարտից 8 րոպե առաջ «Սյունիքը» կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեն Կարապետյանը։ Հետագայում լարված պայքարը շարունակվեց, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր թիմը արդեն հյուրի կարգավիճակում կմրցի «Ալաշկերտ-2»-ի հետ։ Հանդիպումը կկայանա «Քասախի մարզիկ» ստադիոնում և կմեկնարկի 16։00-ին։

 «ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ» 2-2

1-0 Դավիթ Ղիասյան (27'), 2-0 Արթուր Իսրայելյան (37'), 2-1 Համլետ Մինասյան (54'), 2-2 Ալեն Կարապետյան (82')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91․ Հայկ Ղազարյան, 34․ Արթուր Թալասյան, 39․ Նարեկ Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 29․ Արթուր Իսրայելյան, 97․ Արթուր Մելիքյան, 15․ Կարեն Դավթյան, 53․ Դավիթ Հարությունյան, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Գագիկ Մելոյան

Պահեստայիններ՝ 55․ Նուբար Ղիշյան, 12․ Արա Ջոլաքյան, 87․ Վահե Շափաղաթյան, 24․ Արսեն Կարապետյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 13․ Արամ Ազարյան, 71․ Էրիկ Ասատրյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 45․ Էմմանուել Դիտու

«ՍՅՈՒՆԻՔ»․ 95․ Արման Սիմոնյան, 10․ Սուրեն Առաքելյան (ա), 6․ Էրիկ Վարդանյան, 3․ Արտակ Ասատրյան, 8. Պետրոս Աֆանջյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 20․ Պերճ Պողիկյան, 5․ Գագիկ Գևորգյան, 18․ Տիգրան Այունց, 16․ Էրիկ Պետրոսյան, 19․ Պատվական Ավետիսյան

Պահեստայիններ՝  98․ Ալեքս Հայրապետյան, 13․ Ալեն Կարապետյան, 2․ Հայկ Հովհաննիսյան, 99․ Դավիթ Վարդանյան, 22․ Նորայր Ղազարյան, 17․ Արտեմ Հարությունյան, 33․ Վահագն Հայրապետյան, 9․ Սամվել Սարգսյան, 44․ Յուրի Մաղաքյան, 11․ Էդգար Գրիգորյան, 89․ Էդուարդ Ավագյան, 21․ Համլետ Մինասյան