Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

04/07/2022

Սերբիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտուն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց չեռնոգորական «Պետրովաց» ֆուտբոլային ակումբի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, մեր թիմի կազմում հաջողվեց աչքի ընկնել Նարեկ Աղասարյանին։

Թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն բավական երիտասարդ մեկնարկային կազմ էր ընտրել, իսկ առավել հիմնական կազմի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսն անցկացրին։

Գնդակի համար պայքարը սկսվեց հանդիպման առաջին րոպեներից, մեր թիմի ֆուտբոլիստները փորձում էին տիրել նախաձեռնությանը, սակայն մրցակիցն էլ նույն նպատակն ուներ։ Խաղի արդեն 13-րդ րոպեին «Պետրովացին» հաջողվեց կազմակերպած գրոհներից մեկը ավարտին հասցնել։ Աչքի ընկավ Ռոդրիգո Ֆաուստը։ Պայքարը հիմնականում զարգանում էր դաշտի կենտրոնում, երբեմն ֆուտբոլիստները փորձում էին եզրերով առաջ շարժվել և վտանգավոր պահեր ստեղծել, սակայն առաջին խաղակեսում նոր գոլեր չտեսանք։ Թիմերն ընդմիջման գնացին չեռնոգորական ակումբի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում արդեն մեր կազմը փոխվեց։ Խաղադաշտ մտան առավել փորձառու ֆուտբոլիստները, որոնք անմիջապես իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունն ու սկսեցին թելադրել իրենց ֆուտբոլը։ Փոփոխություններ տեղի ունեցան նաև «Պետրովացի» կազմում։ Մեր տղաները ստեղծած պահերով գերազանցում էին մրցակցին։ Հերթական առաջխաղացումից հետո «Ուրարտուի» նորեկ Մաքսիմ Մայրովիչը կարողացավ գրավել չեռնոգորական թիմի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս իրավիճակ արձանագրեցին։ Իսկ 80-րդ րոպեին մեզ ի վերջո հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի ֆուտբոլիստները կարծես գնդակը դուրս բերեցին սեփական տուգանային հրապարակից, որտեղ էլ Նարեկ Աղասարյանը գործի դրեց իր թնդանոթն ու հեռահար ուժգին հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Դարպասի այլ գրավում մինչ խաղի ավարտը չարձանագրվեց՝ «Ուրարտու» - «Պետրովաց» 1-1։

Հավելենք, որ ուսումնամարզական հավաքի շրջանակներում նախատեսված են ևս մի քանի ստուգողական հանդիպումներ, որոնց մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՊԵՏՐՈՎԱՑ» 1-1

0-1 Ռոդրիգո Ֆաուստ (13’), 1-1 Նարեկ Աղասարյան (80’)

«ՈՒՐԱՐՏՈԻ»․ 

Առաջին խաղակես․ 24. Արսեն Բեգլարյան (ա) (96. Անատոլի Այվազով 35'), 2. Նանա Անտվի, 77. Էրիկ Սիմոնյան, 6. Արման Ղազարյան, 25. Էդգար Գրիգորյան, 12. Փորձարկվող ֆուտբոլիստ, 29. Համլետ Սարգսյան, 17. Տիգրան Այունց, 10. Կարեն Մելքոնյան, 99. Լեոն Սաբուա, 20. Գոռ. Լուլուկյան։

Երկրորդ խաղակես․ 96. Անատոլի Այվազով (1. Հայկ Ղազարյան 60'), 36. Խարիտոն Այվազյան, 34. Էրիկ Փիլոյան, 67. Վադիմ Պարամոնով, 88. Ժիրայր Մարգարյան, 9. Նարեկ Աղասարյան, 90. Օլեգ Պոլյակով, 19. Սերգեյ Մկրտչյան, 21. Նարեկ Գրիգորյան, 13. Դմիտրո Խլոբաս, 15. Մաքսիմ Մայրովիչ: