Not Selected

2022 ԹՎԱԿԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՈՒ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

09/12/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» արտագնա խաղում ուժերը չափեց «Փյունիկի» հետ: «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Ժունիորը, Ուգոչուկվու Իվուն և Դմիտրո Խլյոբասը։

Ինչպես տուրի, այնպես էլ 2022 թվականի վերջին հանդիպումը բավականին հանգիստ մեկնարկեց՝ մինչև 31-րդ րոպեն խաղադաշտում հարվածներ կամ վտանգավոր պահեր չկային։ 31-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը գրեթե մեն-մենակ էր դուրս գալիս «Փյունիկի» դարպասապահի դիմաց, սակայն Ալեքսանդր Միլյկովիչը որոշեց կասեցնել մեր թիմի վտանգավոր հակագրոհը, ինչի համար պատժվեց կարմիր քարտով։ Տասը հոգով մնացած տանտերերը սկսեցին ավելի ագրեսիվ գործել, անընդհատ գրոհեցին ու նույնիսկ մեկ վտանգավոր պահ ստեղծեցին, որի ժամանակ մեր թիմի դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը հիանալի սեյվով փրկեց թիմին։ Մինչ խաղակեսի ավարտը խաղադաշտում առանձնապես վտանգավոր պահեր չտեսանք, թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ փոխարինումներ կատարեցին, ինչն էլ ավելի ակտիվացրեց խաղը։ Գունկոյի տղաները ամեն կերպ փորձում էին բաց տարածություններ գտնել մրցակցի մոտ և փորձում օգտվել իրենց քանակական առավելությունից։ Դա տեսանք 63-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Մարկոս Ժունիորը դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ «Փյունիկին» այլ բան չէր մնում, քան առաջ նետվել, որից պաշտպանական գիծը մնաց առանց վերահսկողության։ 84-րդ րոպեին Մարկոս Ժունիորն ու Ուգոչուկվու Իվուն գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին, որի արդյունքում հենց Իվուն մեր թիմի 2-րդ գնդակը հեղինակեց։ Հանդիպման վերջակետն էլ դրվեց հենց խաղի վերջին րոպեին, դարձյալ հակագրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Դմիտրո Խլյոբասը, որը խփեց իր 7-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում։

Այսպիսով, «Ուրարտուն» ավարտեց ելույթները 2022 թվականին՝ Fastex Հայաստանի  Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում պահպանելով առաջատարի կարգավիճակը՝ վաստակած 47 միավորով։ Թիմը գնաց ձմեռային դադարի` խոստանալով վերադառնալ ավելի ուժով։

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-3

0-1 Մարկոս Ժունիոր (63’), 0-2 Ուգոչուկվու Իվու (84’), 0-3 Դմիտրո Խլյոբաս (90’)

«ՓՅՈՒՆԻԿ». 71. Ստանիսլավ Բուչնև, 11. Հովհաննես Հարությունյան, 6. Կառլոս Ջունիոր, 27. Նիկիտա Բառանով, 9. Արտակ Դաշյան (ա), 29. Եվգենի Կոչուկ, 2. Լուկա Յուրիչիչ, 95. Անտոն Բրատկով, 90. Ալեքսանդար Միլյկովիչ, 17. Ռոման Կարասյուկ, 18. Խոսե Կարաբալլո։

Պահեստայիններ՝  32. Սերգեյ Միքայելյան, 88. Յուրի Գարեգինյան, 15. Միխայիլ Կովալենկո, 97. Դավիդ Դավիդյան, 8. Անդրե Լիմա, 14. Յուսուֆ Օտուբանջո, 23. Արաս Օզբիլիզ, 19. Գրենիկ Պետրոսյան, 87. Ալեքսանդր Կարապետյան, 10. Ստեֆան Սպիրովսկի, 77. Դիոպ Դամե, 4. Կիրե Ռիստևսկի։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42․ Ալեքսանդր Մելիխով, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 27․ Դավիթ Խուրցիձե, 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան, 90․ Օլեգ Պոլյակով, 10․ Կարեն Մելքոնյան, 21․ Նարեկ Գրիգորյան։ 

Պահեստայիններ՝  24 Արսեն Բեգլարյան, 22 Մխիթար Ումրեյան, 2 Նանա Անտվի, 25 Էդգար Գրիգորյան, 34 Էրիկ Փիլոյան, 36 Խարիտոն Այվազյան, 19 Սերգեյ Մկրտչյան, 29 Համլետ Սարգսյան, 33 Մարոկս Ժունիոր, 13 Դմիտրո Խլյոբաս, 15 Մաքսիմ Մայրովիչ։