Not Selected

ԿԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ․ «ԽԱՂԻՑ ԽԱՂ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ»

19/07/2022

«Ուրարտու-2»-ի կիսապաշտպան և թիմի նոր ավագ Կարեն Գալստյանը խոսել է Կիսլովոդսկում ընթացող ուսումնամարզական հավաքի, նորաստեղծ թիմում տիրող մթնոլորտի և այլ բաների մասին։

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Հուլիսի 16-ից ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Կիսլովոդսկում, կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, այստեղ լավ բազա կա, առաջնությանը լավ պատրաստվելու և մեր հմտությունները զարգացնելու շատ պայմաններն էլ առկա են»

ԱՆՑԿԱՑՐԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԹԻՄԻ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երկու ստուգողական խաղ ենք անցկացրել, երկուսում էլ պարտվել ենք, ինչն անձամբ ես պայմանավորում եմ նրանով, որ թիմը վերջերս է ձևավորվել, համալրվել նոր ֆուտբոլիստներով, որոնք այժմ մեծամասնություն են կազմում թիմում։ Բայց նրանք նույնպես շատ ուժեղ են, ամեն մեկն ունի իր յուրահատուկ կողմերը: Կարծում եմ, որ խաղակցվածության խնդիր ամեն դեպքում կա, բայց խաղից խաղ ավելի լավ ենք ճանաչում իրար՝ հասկանալով միմյանց ուժեղ կողմերը։

ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ ԿՐԵԼՈՒ ՈՒ ՆՈՐ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ

«Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ թիմի ավագի պարտականությունն այսուհետ կատարելու համար, դա մեծ պատիվ է ինձ համար։ Իմ կարծիքով, բոլոր ֆուտբոլիստներն ունեն իրենց ուժեղ կողմերը, և երբ հասկանանք, թե ով որ կողմով է ուժեղ, դա մեզ շատ կօգնի առաջնությունում լավ արդյունքներ գրանցել։

Նոր մարզչական շտաբը շատ լավն է։ Իրարից միշտ տարբերվող մարզումներ ենք անցկացնում։ Սա լավ է թե՛ ավելի փորձառու ֆուտբոլիստներիս համար, թե՛ սկսնակների՝ ավելի լավ զարգանալու համար»։

ԹԻՄՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՈՒ ՏԻՐՈՂ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Թիմում մթնոլորտը շատ լավ է, արդեն հասցրել ենք բոլորի հետ ընկերանալ, բոլորը շատ լավ խաղացողներ են։ Մարզումների ու խաղերի շնորհիվ բարելավում ենք մեր որակները, կարծում եմ, երբ արդեն խաղադաշտում իրար ավելի լավ ճանաչենք և թիմային աշխատանքն ավելի շատ լինի, ամեն ինչ ավելի մոտ կլինի ցանկալիին։ Հուսով եմ՝ շուտով շատ հաղթանակներ կգրանցենք»։

ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նոր մրցաշրջանի համար մենք ունենք առավելագույն առաջադրանքները՝ պետք է բարձր դիրք զբաղեցնենք, լավ խաղ ցուցադրենք։ Կան նոր պահանջներ, նոր մարտավարություն, նոր խաղաոճ, ինչն ինձ համար շատ ուրախալի է։ Կփորձենք անել ամեն ինչ առաջնությունում լավ հանդես գալու ու լավ տեղ զբաղեցնելու համար»։