Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՍԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

07/07/2021

«Մարիբոր» - «Ուրարտու» դիմակայության նախօրեին Ռոբերտ Արզումանյանն ու թիմի ավագ Հակոբ Հակոբյանը նախախաղային ասուլիսում պատասխանեցին լրագրողների հարցերին․

 

- Եվրոպական ասպարեզում թիմը մեծ փորձ չունի, ի՞նչ նշանակություն ունի այս խաղը ձեզ համար և ի՞նչ սպասելիքներ կան։

- Բնականաբար, եթե նայենք պատմությանը, մենք չունենք «Մարիբորի» փորձը, բայց ֆուտբոլում պատմությունը չի հաղթում, կփորձենք խաղալ և նվիրվել, ինչու ոչ նաև վայելել այս ամենը, քանի որ սա մեզ համար և՛ փորձություն է, և՛ հնարավորություն, որ ֆուտբոլիստներն ու ակումբը դրսևորեն իրենց։

- Ի՞նչ արդյունք եք ակնկալում խաղից։

- Մենք այստեղ ենք հաղթելու ու հաջորդ փուլ անցնելու համար։ Դժվար է լինելու, բայց ամեն ինչ պետք է անենք դրա համար։

- Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ «Մարիբորը» բավական շատ փոփոխությունների է ենթարկվել։ Դժվա՞ր էր վերլուծել ու ուսումնասիրել թիմը։

- Հեռուն չենք գնացել «Մարիբորին» ուսումնասիրելու համար։ Թիմը գարնանային հատվածի համեմատ շատ չի փոփոխվել, վերլուծել ենք նաև թիմի նորեկներին։

- Հաշվի առնելով այն փաստը, որ «Ուրարտուն» քիչ է գոլեր խփում, ինչպե՞ս կբնորոշեք թիմի խաղը, հարձակողակա՞ն, թե՞պաշտպանողական ֆուտբոլ է խաղում։

- Մենք փորձում ենք խաղալ բալանսավորված՝ չկենտրոնանալով պաշտպանության կամ հարձակման վրա։ Իսկ շատ գոլեր խփել մենք նույնպես ցանկանում ենք։ 

- Թիմը մի շարք տրանսֆերներ իրականացրեց։ Արդյո՞ք խաղային բոլոր խնդիրները լուծված են և նորեկներն արդյո՞ք հասցրել են ադապտացվել թիմին։

- Ֆուտբոլում մշտապես փնտրում ես ավելի ու ավելի լավ խաղացողների, բայց այս պահին գոհ ենք այն ֆուտբոլիստներից ովքեր մեր տրամադրության տակ են։

- ԲԿՄԱ-ի տղաները վերադարձել են «Ուրարտու»։ Արդյո՞ք նրանք վաղը խաղաժամանակ կստանան։

-Նրանք լավ ֆուտբոլիստներ են, խաղը լավ հասկանում են, վաղը պարզ կլինի՝ կտեսնենք նրանց խաղադաշտում, թե՝ ոչ։

-Ջոնել Դեսիրեի և Արսեն Բեգլարյանի բացակայությունը որքանո՞վ կազդի թիմի խաղի վրա։

- Կարևոր ֆուտբոլիստներ են մեզ համար, մենք մեր տրամադրության տակ ունենք լավ խաղացողներ, թիմային խաղ ենք խաղում, հուսամ նրանց բացակայությունը չի զգացվի խաղադաշտում։

- «Մարիբորին» բոլորը ֆավորիտ են համարում, արդյո՞ք դա նշանակում է, որ դուք վաղը խաղալու եք պաշտպանությունից՝ երկրորդ համարով։

-Չեմ կարող ասել՝ խաղն ինչպես կդասավորվի, նրանք ֆավորիտ են և ճնշումը նրանց վրա է։

- Սա եվրագավաթներում Ձեր նորամուտն է՝ որպես մարզիչ։ Ինչո՞վ է տարբերվելու այս խաղը մյուսներից և արդյո՞ք ճնշո՞ւմ զգում եք։

- Վաղվա խաղում տարբերությունը լինելու է այն, որ ես չեմ լինի խաղադաշտում՝ որպես ֆուտբոլիստ։ Որևէ ճնշում այս պահին չեմ զգում, վաղը կտեսնենք։