Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՀԱՎԱՔԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂՈՒՄ

15/07/2022

«Ուրարտուի» ֆուտբոլիստները մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը Սերբիայի Զլատիբոր քաղաքում ունեցած հավաքի վերջին ստուգողական հանդիպումն անցկացրին և 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին տեղի «Ռադ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ։

Հանդիպումը մեր ֆուտբոլիստները բավական վստահ սկսեցին՝ անընդհատ գրոհներ կազմակերպելով։ Դիրքային գրոհներից մեկի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Լեոն Սաբուան, որը, չնայած մրցակցի պաշտպանների դիմակայությանը, կարողացավ ուժեղ հարվածով գնդակն ուղարկել «Ռադի» դարպասը։ Երկրորդ գոլը նույնպես չուշացավ, 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մեր թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ։ Մինչ խաղակեսի ավարտը իրավիճակն առանձնապես չփոխվեց ու թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում նմանատիպ պատկեր տեսանք։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներն անընդհատ գրոհներ էին ձեռնարկում՝ թույլ չտալով մրցակցին նույն խաղը խաղալ։ Սակայն 77-րդ րոպեին դարձյալ անկյունայինի խաղարկումից հետո սերբական թիմի ֆուտբոլիստներին, այնուամենայնիվ, հաջողվեց հետ բերել մեկ գնդակ։ Կարող ենք ասել, որ սա «Ռադի» ստեղծած պահերից միակ իրականն էր, որից էլ նրանք կարողացան օգտվել։ Մինչ հանդիպման ավարտը նոր գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, Սերբիայում ավարտվեց մինչմրցաշրջանային նախապատրաստական շրջանը։ Հուլիսի 16-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմը կմեկնեն Երևան, որտեղ թիմը կշարունակի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Հիշեցնենք, որ նախատեսված են ևսս մի քանի ստուգողական հանդիպումներ, որոնց մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՌԱԴ» 2-1

1-0 Լեոն Սաբուա (11'), 2-0 Փորձարկվող ֆուտբոլիստ (19')

ՈՒՐԱՐՏՈՒ․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի, 12. Փորձարկվող ֆուտբոլիստ,  (67. Վադիմ Պարամոնով 62'), 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 90. Օլեգ Պոլյակով, 19․ Սերգեյ Մկրտչյան, 99. Լեոն Սաբուա, 21. Նարեկ Գրիգորյան, 15. Մաքսիմ Մայրովիչ:

Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 34. Էրիկ Փիլոյան, 67. Վադիմ Պարամոնով։