Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԵՐՐՈՐԴ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

10/07/2022

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող նախապատրաստական փուլի շրջանակներում մեր թիմն անցկացրեց երրորդ ստուգողական հանդիպումը։ Մրցակիցը Չեռնոգորիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Եդինստվո» թիմն էր, որի նկատմամբ մեր տղաները հաղթանակ տոնեցին 2-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։

Հանդիպման առաջին րոպեներից մեր թիմի ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը` թույլ չտալով մրցակցին գրոհներ ստեղծել կամ նույնիսկ հակագրոհել: Նման ակտիվության արդյունքն էլ եղավ հանդիպման 9-րդ րոպեին խփած արագ գոլը։ Նանա Անտվին, իր եզրով առաջ շարժվելով, փոխանցում կատարեց Նարեկ Գրիգորյանին, որն էլ կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում մրցակիցը կարողացավ մի քանի պահ ստեղծել, բայց դրանք իրենցից իրական վտանգ չներկայացրին։ «Եդինստվոյի» ֆուտբոլիստները նաև վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան, սակայն դարպասը գրավել չկարողացան։ Խաղակեսի վերջին րոպեին «Ուրարտուն» կրկնապատկեց իր առավելությունը․ Լեոն Սաբուայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ անդրադարձից հետո Նարեկ Գրիգորյանը երկրորդ գոլը հեղինակեց։ Թիմերն ընդմիջման գնացին մեր թիմի վստահ առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը մեծամասամբ՝ սկսած 60-րդ րոպեից, «Ուրարտուն» փոփոխված կազմով շարունակեց։ Խաղակեսը երկկողմանի ստացվեց, երկու թիմերն էլ փորձում էին վտանգավոր պահեր ստեղծել, բայց դրանք իրացնել բավական երկար ժամանակ չհաջողվեց երկուսին էլ։ 81-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո ի  վերջո չեռնոգորական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն դա չօգնեց նրանց խուսափել պարտությունից․ «Ուրարտու» - «Եդինստվո»՝ 2-1.

Հավելենք, որ Սերբիայում մեր հավաքը կշարունակվի մինչև հուլիսի 16-ը։ Այս ընթացքում մեր թիմը ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի հուլիսի 15-ին՝ մրցելով նախ տեղի «Զլատիբոր» ֆուտբոլային ակումբի, այնուհետև սերբական «Ռադ» թիմի հետ։ Այս հանդիպումների հետ կապված մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԵԴԻՆՍՏՎՈ» 2-1

1-0 Նարեկ Գրիգորյան (9’), 2-0 Նարեկ Գրիգորյան (45’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96. Անատոլի Այվազով (1. Հայկ Ղազարյան 87՛), 2. Նանա Անտվի (36. Խարիտոն Այվազյան 60՛), 34. Էրիկ Փիլոյան (77. Էրիկ Սիմոնյան 60՛), 67. Վադիմ Պարամոնով (6. Արման Ղազարյան). 60'), 88. Ժիրայր Մարգարյան (ա) (25. Էդգար Գրիգորյան 60'), 8. Ուգոչուկու Իվու (9. Նարեկ Աղասարյան 60'), 90. Օլեգ Պոլյակով (19. Սերգեյ Մկրտչյան 78'), 19. Սերգեյ Մկրտչյան. (29. Համլետ Սարգսյան 60'), 99. Լեոն Սաբուա (10. Կարեն Մելքոնյան 60'), 21. Նարեկ Գրիգորյան (20. Գոռ Լուլուկյան 60'), 15. Մաքսիմ Մայրովիչ (99. Լեոն Սաբուա 78').

Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 24. Արսեն Բեգլարյան, 36. Խարիտոն Այվազյան, 77. Էրիկ Սիմոնյան, 6. Արման Ղազարյան, 25. Էդգար Գրիգորյան, 9. Նարեկ Աղասարյան, 29. Համլետ Սարգսյան 10. Կարեն Մելքոնյան, 20. Գոռ Լուլուկյան, 17. Տիգրան Այունց, 13. Դմիտրո Խլոբաս։