Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԼԻԳԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

20/12/2019

Նոյեմբերի 30-ին Սիրողական ֆուտբոլային լիգան Հայաստանում մեկնարկեց այս անգամ՝ "Urartu Cup" անվամբ, որին մասնակցում են 40 թիմեր՝ 4-ական խմբերով, յուրաքանչյուրում՝ 10 թիմ: 

 «Ուրարտու» ՖԱ-ը հանդիսանում է  առաջնության գործընկեր ու խաղերի անցկացման համար տրամադրում է մարզադաշտ:

 Այս տարի հանդես է գալիս նաև «Ուրարտու-Երևան» թիմը՝ հետևյալ կազմով. 
Արամ Հակոբյան, Արշակ Մկրտչյան, Սարգիս Մկրտչյան, Կարեն Առաքելյան, Նարեկ Բեգլարյան, Նարեկ Ամիրյան, Հայկ Ոսկանյան, Հայկ Սուքիասյան, Ալբերտ Օհանյան, Հակոբ Հայրապետյան, Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Թամրազյան, Արթուր Բարսեղյան, Արման Առաքելյան, Հակոբ Քելեմյան, Հովհաննես Ղազարյան: 

Առաջին տուրում «Ուրարտու-Երևան»-ը 12:2 հաշվով առավելության հասավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ:  Այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ Հայկ Ոսկանյանն ու ընդգրկվեց Բ խմբի խորհրդանշական հավաքականում: 

Երկրորդ տուրում «Ուրարտուն» ներկայացնող թիմը 8-2 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ: Թիմի ֆուտբոլիստներ Արթուր Բարսեղյանը և Հայկ Ոսկանյանը դարձան հեթ-տրիկի հեղինակներ:  

Երրորդ տուրում մրցակիցը «Ռեալ Սոսիեդադն» էր: Այդ խաղում «Ուրարտու-Երևանի» ֆուտբոլիստները 3 անպատասխան գնդակ հեղինակեցին: Աչքի ընկան Հայկ Ոսկանյանը, Արամ Հակոբյանն ու Հակոբ Հայրապետյանը:

3-րդ տուրից հետո «Ուրարտու-Երևանը» 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է Բ խմբի մրցաշարային աղյուսակը:

Այս մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Հայաստանում կազմակերպված առաջին մրցաշարի՝ International Cup-ի խաղարկության համար մասնակցության հայտ էր ներկայացրել 16 թիմ։ Հետագա 4 խաղարկություններում ընդհանուր առմամբ մասնակցել է 36 թիմ։

Սիրողական ֆուտբոլային լիգան շուրջ 10 տարի է, ինչ գործում է: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր աշխարհագրությունն ու այսօր արդեն առաջնությունն անցկացվում է աշխարհի 5 երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Հայաստան) 22 քաղաքներում։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մասնակցության իրավունք ունեն միայն տղամարդիկ, Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում, խաղերին մասնակցում են նաև կանայք ու երեխաները: 

Մրցաշարի հաղթողը Հայաստանը կներկայացնի գարնանը Մոսկվայում կայանալիք սիրողական ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Մրցաշարի ավարտը նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 29-ին:

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան