Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

17/04/2024

IDBank Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ և զիջեց 0-2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մոհամեդ Յատտարան ու Տենտոն Յեննեն։ 

ՔԻՉ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐ՝ ԼԱՐՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ

Խաղասկզբում ակտիվ էր հիմնականում «Արարատ-Արմենիան»: Սուր պահերը հիմնականում առաջանում էին ստանդարտ դիրքերի խաղարկումներից, բայց բոլոր դեպքերում Ալեքսանդր Մելիխովը տեղում էր: 20-րդ րոպեին Տենտոն Յեննեն հեռվից փորձեց գրավել դարպասը, բայց փորձն անհաջող էր: 40-րդ րոպեին մրցակիցը վտանգավոր գրոհ անցկացրեց: Արթուր Սերոբյանը հարված կատարեց, բայց Ժիրայր Մարգարյանը գնդակը դուրս բերեց դարպասից: Մեր տղաները, փորձեցին դուրս գալ պաշտպանությունից, բայց մրցակիցը խլեց գնդակը և այն հասցեագրեց կենտրոն, որտեղ Մուհամեդ Յատտարան ուժեղ հարվածով առաջ մղեց «Արարատ-Արսենիային»: Մրցավարի ավելացված ժամանակում «Ուրարտուն» մոտ էր հաշիվը հավասարեցնելուն: Անկյունայինի խաղարկումից գնդակը հասավ տուգանայինի կենտրոն, որտեղից հարվածեց Ժիրայր Մարգարյանը, սակայն մեր ավագի հարվածը շեղ ստացվեց: Առաջին կեսում դարպասի նոր գրավում այդպես էլ չեղավ:

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱԶԴԵՑ ԽԱՂԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՎՐԱ

Երկրորդ խաղակեսում գրոհների ու գոլային պահերի առումով խաղն ավելի ձանձրալի ստացվեց։ Միայն հանդիպման վերջնամասում կրկին տանտերերը մի քանի դրվագում սպառնացին մեր դարպասին։ 80-րդ րոպեին երեք շքեղ սեյվի հեղինակ դարձավ մեր թիմի դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, որը կարողացավ դարպասն անառիկ պահել Պետրոս Ավետիսյանի և Ալվին Թերայի հարվածներից հետո։ 83-րդ րոպեին մրցավարը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ արձանագրեց Պերիշա Պեշուկիչի գործողություններում, ի դեպ, վերջինս վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում էր, ինչից հետո 11-մետրանոց նշանակեց մեր դարպասի ուղղությամբ ու ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից մեր պաշտպանին։ Արդյունքում Տենտոն Յեննեն մեծացրեց իր թիմի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը տուգանային հարվածի իրավունք վաստակեց, որը բավական վտանգավոր իրացրեց Ժիրայր Մարգարյանը, սակայն տանտերերի դարպասապահ Արսեն Բեգլարյանին հաջողվեց փրկել թիմին։ Այսքանով հանդիպումն ավարտվեց «Աչաչատ-Արմենիայի» հաղթանակով։ 

Հավելենք, որ հաջորդ տուրի խաղում մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Նոային»։ Խաղը կկայանա ապրիլի 23-ին և կմեկնարկի 19։00-ին։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Մոհամեդ Յատտարա (42'), 2-0 Տենտոն Յեննե (86' 11մ)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 3․ Էրիկ Փիլոյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Դենիս Գլուշակով (19․ Նիկոլայ Պրուդնիկով 79'), 12․ Լուքման Գիլմոր (9․ Նարեկ Աղասարյան 46'), 5․ Դրաման Սալու, 21, Անդրեյ Կրավչուկ, 77․ Թեմուր Ջիկիա (30․ Ալվարո Վելյեզ 79'), 11․ Գևորգ Տարախչյան (90․ Օլեգ Պոլյակով 46')։ 

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 6․ Արման Ղազարյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 10․ Կարեն Մելքոնյան, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 30․ Ալվարո Վելյեզ։