Not Selected

ՄԻԽԱՅԻԼ ՎԱՐԴԱՊԵՏՈՎ․ «ԱՅՍՏԵՂ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՃՈՒՅՔՈՎ»

14/01/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ծավալուն հարցազրույց է տվել «РИА Новости» լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին և հայաստանյան ապրելակերպին։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից

 

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Ուրարտու»-ում։

- Պայմանները Հայաստանում ինձ գոհացնում են։ Ակումբն ինձ շքեղ բնակարան է տրամադրել։ Կարելի է ասել, որ այստեղ աշխատում եմ հաճույքով։ Հասկանալի է, որ հայկական ֆուտբոլի մակարդակը դեռևս զգալիորեն տարբերվում է ռուսականից։ Բայց առաջադիմելու տեղ կա։

- Ի՞նչն առաջին հերթին զարմացրեց Հայաստանի առաջնությունում։

- Անասովոր է, երբ առաջնության բոլոր հանդիպումները մեկ քաղաքում են անցկացվում: Երբ եկա այստեղ, պատրաստվում էի թռիչքների, բայց ամենաերկար ճանապարհը, որ անցել ենք, տևել է 2 ժամ ավտոբուսով: Ակումբների մեծ մասը մարզվում ու խաղում է Երևանում, նույնիսկ երբ մարզային գրանցում ունեն: Եվս մեկ հետաքրքիր փաստ. Հայաստանի առաջնությունն իրական ինտրիգ է պարունակում. 10 ակումբներից միաժամանակ 6-ը հավակնում են չեմպիոնության: Ճիշտ է, չկան ակնհայտ առաջատարներ, այստեղ յուրաքանչյուրն ունակ է հաղթելու մյուսին:

- «Սպարտակից» հետո դժվա՞ր է աշխատել  «Ուրարտուում». Հնարավորությունները երևի թե ավելի քիչ են, քան Մոսկվայում:

- Ես հավակնություններ չունեի, որ ահա, եկել եմ «Սպարտակից» ու ամեն ինչ պետք է Մոսկվայի մակարդակից ցածր չլինի, հասկանում էի, որ ամեն ինչ պետք է համապատասխանի տեղի հնարավորություններին։ Դժվար է «Սպարտակի» հետ համեմատելը, այն ամեն դեպքում թոփ-ակումբ է: Բայց ես կարծում եմ՝ «Ուրարտուի» մարզաբազան ոչնչով պակաս չէ, իսկ որոշ դեպքերում էլ՝ նույնիսկ առավել է. տարածքը մեծ է, թե՛ դաշտերը, թե՛ ենթակառուցվածքներն այստեղ բարձր մակարդակի վրա են։ Հաճելի է, որ ակումբի ղեկավարությունը զարգացման հստակ ծրագիր ունի։ Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդներին. տեղի ակադեմիայում մոտ 900 ֆուտբոլիստ կա, երկրորդ թիմ էլ ունենք։ Առաջ շարժվելու տեղ և նպատակ կա, իսկ դա իսկապես հետաքրքիր է:

- Ստացվում է, որ դուք պատմական հայրենիք եք վերադարձել։

- Ես ծնվել եմ Մոսկվայում, բայց Հայաստանը համարում եմ իմ պատմական հայրենիքը։ Ընդհանուր առմամբ այստեղ ինձ հարմար է, հաճելի է շփվել տեղացիների հետ։ Ազատ ժամանակ զբոսնում եմ քաղաքով, կամ գնում եմ քաղաքից դուրս։ Նայելու շատ բան կա։ Կյանքի ռիթմը լրիվ ուրիշ է, լրջորեն տարբերվում է Մոսկվայից, մտածելակերպն էլ դրական է։ Մարդիկ ուզում են շփվել, ավելի քիչ ագրեսիա ունեն։ Այստեղ ես ժամանակ ունեմ գիտական գրականությամբ զբաղվելու համար, ուսուցողական ինչ-որ սեմինարներ կազմակերպել։ Ի դեպ կադրերն ամենամեծ խնդիրն է։ Մասնագետները քիչ են, հատկապես սպորտային բժշկության բնագավառում։

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ