Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

10/03/2020

“Vbet” Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն «Ուրարտուն» և «Նոան»։ Գավաթի խաղարկության շրջանակում այս թիմերը միմյանց հետ մրցելու են առաջին անգամ։ Ստորև ներկայացնում ենք փաստեր այս դիմակայության մասին։

 

2-ԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, 2-ԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ

Թիմերը միմյանց հետ մրցել են 6 անգամ։ Կողմերից յուրաքանչյուրն ունի 2-ական հաղթական, իսկ 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ Կայացած 6 խաղերում խփվել է 11 գոլ, միջինը 1 խաղում 1.83 գոլ։ Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմերը միմյանց հետ մրցել են 2 անգամ։ 5-րդ տուրի խաղն ավարտվել է «Նոայի» հաղթանակով` 2-0 հաշվով, իսկ 14-րդ տուրի խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ 

ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սեփական մարզադաշտի վերաբացումից հետո առաջին հաղթանակը «Ուրարտուն» տոնել է հենց «Նոայի» (նախկինում «Արցախ») նկատմամբ՝ 3-0 հաշվով։ Սա այս թիմերի դիմակայություններում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակն է։ Այդ խաղում աչքի ընկան Էդվարդ Կպոդոն, Ալեքսանդր Գլիշիչը և Եվգենի Կոբզարը։ Ուշագրավ է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում «Նոան» առաջին հաղթանակը տոնել է հենց «Ուրարտուի» նկատմամբ։ Բարձրագույն խմբի նախորդ առաջնության 2-րդ տուրում հաղթական գնդակը հեղինակել է Գրիգոր Աղեկյանը, որը հանդիսանում է «Ուրարտուի» սան։ Այս դիմակայությունում «Նոայի» կազմում աչքի են ընկել հայազգի 3 ֆուտբոլիստներ, որոնցից երկուսը՝ Գրիգոր Աղեկյանն ու Էմիլ Եղիազարյանը հանդիսանում են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սաներ։ 

ԳԱՎԱԹԱՅԻՆ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

«Նոան» իր պատմության ընթացքում առաջին անգամ է հայտնվել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում։ 1/8-րդ եզրափակչում «Նոան» նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, աչքի է ընկել Մաքսիմ Մայրովիչը, իսկ քառորդ եզրափակչում Վադիմ Բորեցի գլխավորած թիմի ֆուտբոլիստները դարձյալ 1-0 հաշվով առավելության են հասել Չարենցավանի «Վանի» նկատմամբ, հաղթական գնդակը հեղինակել է Բենիկ Հովհաննիսյանը։ Իսկ «Ուրարտուն» 1/8-րդ եզրափակչում բավականին դժվար պայքարում կարողացել է առավելության հասնել Երևանի «Փյունիկի» նկատմամբ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում՝ 5-3 հաշվով։ Քառորդ եզրափակչում «Ուրարտուն» 1-0 հաշվով հաղթել է Վանաձորի «Լոռիին», ի դեպ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում դա Ալեքսանդր Գրիգորյանի առաջին հաղթանակն էր։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի տարբերություն նախորդած շրջափուլերի, գավաթային կիսաեզրափակչի ելքը վճռվում է երկու խաղերի արդյունքում։  «Ուրարտու» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։ Մուտքը՝ տոմսերով է, որը հնարավոր է գնել մարզադաշտի մուտքի մոտ տեղակայված տոմսարկղից։ Նույն օրը կկայանա կիսաեզրափակչի մյուս զույգի՝ «Արարատ-Արմենիայի» և «Գանձասար-Կապանի» հանդիպումը։ Այդ խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14։30-ին։ Գավաթային կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 22-ին։