Not Selected

ՄԻԽԱՅԻԼ ՎԱՐԴԱՊԵՏՈՎ. «ՄՏԱՀՈԳՈՒՄ Է, ՈՐ ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԹԵՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

17/03/2020

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել: Իրավիճակը ենթադրում է որոշ սահմանափակումներ ու պարտավորություններ, որոնք պետք է իրականացվեն: Մեզ հետ զրույցում ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովն անդրադարձել է վարակի շուրջ ստեղծված իրավիճակին, ու այն խնդրին որն առկա է թեստավորում անցնել ցանկացող քաղաքացիների շրջանում.

- Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարվել: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

- Ցավոք սրտի անընդհատ տեղեկանում ենք հիվանդների քանակական աճի մասին: Ստեղծված իրավիճակի շուրջ ինչ-որ բան կանխատեսելը առայժմ բարդ է, քանի որ դեռ հստակ չեն ժամկետները, թե երբ կնվազի հիվանդության տարածումը, հիվանդների քանակը: Մենք նման էպիդեմիայի նախատիպ չենք ունեցել, ուստի դժվար է այլ հիվանդությունների հետ համեմատելը: Միակ փաստը, որն ինձ որպես բժշկի ինչ-որ չափով հանգստացնում է, դա այն է, որ վարակը լուրջ բարդություններ առողջության համար չի ստեղծում և մարդիկ, որոնք վարակված են լինում այս հիվանդությամբ բավականին արագ ապաքինվում են: Դա չի կարող չուրախացնել: Բայց մեկ բան կա, որի մասին ցանկանում եմ խոսել:

- Ի՞նչի մասին:

- Ինձ որպես սպորտային ակումբի ղեկավար կազմի ներկայացուցչի մեկ հարց է մտահոգում: Այո, երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն է հաստատվել: Մեր ակումբը պատրաստ է այդ իրավիճակին, հրամաններ ենք արձակել սահմանափակումների, մարզումների դադարեցման մասին, իրականացրել ենք հնարավոր ամեն բան ռիսկերն ու վտանգները կանխելու համար: Այսինքն այն ամենն ինչ օրենքը պահանջում է՝ մենք արել ենք, բայց մեկ բան ինձ համար մնում է անհասկանալի: Մինչ օրս, չնայած մեր ներկայացրած բազմաթիվ դիմումներին մենք դեռևս չենք կարողանում մեր ֆուտբոլիստներին թեստավորման ուղարկել, հասկանալու համար նրանք ունե՞ն կորոնավիրուս, թե՞ ոչ: Այս հարցը մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որովհետև այո, մենք վերահսկում ենք մեր ֆուտբոլիստներին, տեսնում ենք, որ առողջական որևէ խնդիր չունեն, ջերմություն չունեն, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չկան, բայց մեկ բան հայտնի է, որ այս վիրուսը կարող է փոխանցվել մեկից մյուսին՝ աննկատ: Մարդը կարող է այդ վիրուսի կրողը լինել, դրանով վարակված չլինել, բայց օդակաթիլային ճանապարհով վարակել մյուսին: Ուստի թեստավորման հնարավորություն չունենալն անհասկանալի է: Մենք շատ ենք ցանկանում ստանալ այդ հարցի պատասխանը կառավարությունից, թե մենք երբ թեստավորման իրական հնարավորություն կունենանք:

- Ակումբն ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է այդ ուղղությամբ:

- Մենք դիմել ենք բազմաթիվ բուժհաստատությունների: Ցավոք սրտի բոլոր տեղերից մերժում ենք ստացել, մեզ պատասխանել են, որ այդ թեստն այս պահին կարող են հանձնել միայն նրանք, որոնք ունեն հիվանդության ախտանշաններ, կամ էլ նրանք, ովքեր շփում են ունեցել հաստատված վարակակիրների հետ:

- Դա ըստ երևույթին ոչ միայն ֆուտբոլային ակումբի, այլև ողջ հանրության համար կարևոր խնդիր է: Այս ժամանակահատվածում բոլորը պետք է թեստավորման հնարավորություն ունենան:

- Իհարկե, մեր հանրությունը բազմաթիվ աղբյուրներից արդեն լսել է, իրազակվել է, թե ինչպես պետք է վարվի նման իրավիճակներում: Բոլորն էլ գիտեն հիվանդությունը կանխելու տարրական քայլերը, բայց նաև ցանկացած քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ստուգվելու այդ վարակից նա ունի՞, թե՞ ոչ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում այս խնդրին լուծում կտրվի:

- Կորոնավիրուսով պայմանավորված մարդկանց մոտ խուճապ է առաջացել: Ինչպե՞ս հանգստացնել ստեղծված իրավիճակը:

- Իմ նախկին հարցազրույցներում խոսել եմ այդ մասին, սա ժանտախտ չէ, էբոլա չէ, դրա համար նորից կրկնում եմ, որ որևէ խուճապ չպետք է լինի: Պետք է հանգիստ լինել: Ինձ հայտնի է անգամ ագրեսիայի դրսևորումներ այն մարդկանց նկատմամբ, որոնք վարակված են: Պետք է հնարավորինս հանգիստ վերաբերվել ստեղծված իրավիճակին, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Անգամ եթե հիվանդացել եք, դա ողբերգության վերածել չի կարելի: Պետք է գիտակից մոտեցում դրսևորել, դատել սառը գլխով: Հարկավոր է շարունակել ապրել բնական ռիթմով: Խուճապ առհասարակ չպետք է լինի, սա պատերազմ չէ, ցունամի ու երկրաշարժ էլ չէ: Նման իրավիճակում ճիշտ հակառակը՝ հանրությունը պետք է միավորվի, հոգ տանի մեկը մյուսի մասին, այդ դեպքում իրավիճակն ավելի շուտ կկայունանա: