Not Selected

6 ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԲԱՆԱՆՑԸ» ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ․ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆՐԱՆՔ ՀԻՄԱ

18/05/2020

2014 թվականի մայիսի 18-ին «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») ավագ Հովհաննես Համբարձումյանն իր գլխավերևում պահեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գավաթը։ Դա առայժմ միակ չեմպիոնական տիտղոսն է, որն ունի «Ուրարտուն»։ Փորձել ենք վերհիշել չեմպիոնական կազմը ու ներկայացնել ձեզ, թե ինչպես դասավորվեցին «Բանանցի» կազմում չեմպիոն դարձած ֆուտբոլիստների ճակատագրերը հաղթական մրցաշրջանից հետո։

 

Ընդհանուր առմամբ չեմպիոնական մրցաշրջանում «Բանանցի» կազմում 34 ֆուտբոլիստ է հանդես եկել։ Այդ ֆուտբոլիստներից այսօր շարունակում են «Ուրարտուում» հանդես գալ միայն Հակոբ Հակոբյանն ու Վահագն Այվազյանը։

 

ԱՐԹՈՒՐ ԹՈՐՈՅԱՆ․ 28 ԽԱՂ   - 23 ԳՆԴԱԿ

Չեմպիոնական մրցաշրջանում այս դարպասապահը հանդես եկավ բոլոր 28 հանդիպումներում։ Թորոյանի հուսալի խաղը նկատեցին նաև ազգային հավաքականում ու պարբերաբար սկսեցին հրավիրել նրան ազգային ընտրանի, բայց «Բանանցի» կազմում չեմպիոնությունը կարելի է ասել, որ նրա կարիերայի գագաթնակետը եղավ։ Հետագայում Թորոյանը ընտանեկան դրդապատճառներով տեղափոխվեց Ֆրանսիա ու սկսեց հանդես գալ տեղի ցածր դիվիզիոններում։ Մեզ հետ ունեցած հարցազրույցում Թորոյանը նշել էր, որ առաջիկայում ցանկանում է մարզչական գործունեություն ծավալել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ 27 ԽԱՂ 4 ԳՈԼ

Չեմպիոնական տարում Համբարձումյանը թիմի ավագն ու առանցքային դեմքերից էր։ Հաղթական մրցաշրջանից հետո Համբարձումյանը տեղափոխվեց մակեդոնական «Վարդար», որտեղ տպավորիչ ելույթներ ունեցավ դառնալով Մակեդոնիայի չեմպիոն, հանդես եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլում, դարձավ ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Այսօր Համբարձումյանը հանդես է գալիս կիպրոսյան «Էնոսիս Պարալիմնի» ակումբում։

ԳԱԳԻԿ ԴԱՂԲԱՇՅԱՆ․ 27 ԽԱՂ

Կանոնավոր ելույթներն ակումբի կազմում Դաղբաշյանին օգնեցին հրավիրվել ազգային հավաքական։ Չեմպիոնությունից հետո նա ևս կես տարի անցկացրեց «Բանանցում», իսկ հետո տեղափոխվեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» ակումբ։ 2016/17 մրցաշրջանի նախաշեմին Դաղբաշյանը վերադարձավ Հայաստան ու միացավ «Ալաշկերտին», որտեղ էլ հանդես է գալիս մինչ օրս։ Դաղբաշյանը պարբերաբար հրավիրվում է նաև ազգային հավաքական։

ՌՈՒՄՅԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ․ 26 ԽԱՂ 5 ԳՈԼ

«Իմպուլսից» տեղափոխվելով «Բանանց» Ռումյանը կարճ ժամանակահատվածում դարձավ թիմի առանցքային դեմքերից մեկը։ Հենց «Բանանցից» էլ Հովսեփյանին առաջին անգամ հրավիրեցին Հայաստանի ազգային հավաքական։ Հաղթական մրցաշրջանից հետո Ռումյանը տեղափոխվեց Դոնեցկի «ՄԵտալուրգ», այնուհետև «Ստալ»։ Հովսեփյանը վերադարձավ Հայաստան հանդես եկավ «Շիրակում», «Ուրարտուում», «Փյունիկում»։ Այժմ հանդես է գալիս բուլղարական «Արդայում» և կանոնավոր կերպով հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆ․ 25 ԽԱՂ 2 ԳՈԼ

Տուգանային հարվածների այս վարպետը մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը հանդես էր գալիս «Ուրարտուում», որից հետո կես մրցաշրջան անցկացրեց Օմանի «Ալ Նասրում», իսկ 2020 թվականի գարնանը վերադարձավ հարազատ թիմ ու շարունակում է ելույթները «Ուրարտուում»։

ՍԵԿՈՒ ՄԱՄԱԴՈՒ ՖՈՖԱՆԱ․ 23 ԽԱՂ 1 ԳՈԼ

Մալին ներկայացնող բարձրահասակ այս պաշտպանը չեմպիոնությանը հաջորդած մրցաշրջանում բավականին քիչ խաղաժամանակ էր ստանում, ինչի արդյունքում էլ փոխեց ակումբային գրանցումը։ Ֆոֆանա Սեկուն տեղափոխվեց «Ալաշկերտ» ու 2015/16 մրցաշրջանում նորից հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Այս պահին Ֆոֆանան որևէ ակումբային գրանցում չունի։

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ 23 ԽԱՂ 5 ԳՈԼ

Չեմպիոնության ամենավճռական խաղի ամենակարևոր գոլի հեղինակը ևս կես մրցաշրջան անցկացրեց «Բանանցում», այնուհետև տեղափոխվեց «Միկա»։ 2016 թվականին նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, թողնելով գործնական ֆուտբոլը։ Մեր տեղեկություններով Կարապետյանն ԱՄՆ-ում այժմ մարզչական գործունեություն է ծավալում։

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ 21 ԽԱՂ

Այս պաշտպանը ևս կես մրցաշրջան անցկացրեց «Բանանցում» և տեղափոխվեց «Ուլիս»։ 2015/16 մրցաշրջանում նա արդեն «Ալաշկերտում» էր, վերջին տարիներին Առաքելյանը հիմնականում հանդես էր գալիս «Ալաշկերտ-2»-ի կազմում։ Հիմա էլ Առաքելյանը խաղում է այդ թիմում։

ԱՐԱՄ ԼՈՌԵՑՅԱՆ․ 20 ԽԱՂ 2 ԳՈԼ

Բացառիկ տեխնիկայով օժտված այս ֆուտբոլիստը ևս մեկ լիարժեք մրցաշրջան անցկացրեց «Բանանցի» կազմում, որից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ», այնուհետև «Արարատ»։ Հետագայում Լոռեցյանը վերադարձավ «Բանանց» ու ևս 2,5 տարի անցկացրեց հարազատ թիմի կազմում։ Նախորդ տարվա ձմռանը Լոռեցյանը պայմանագիր ստորագրեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Սևան» ֆուտբոլային ակումբի հետ ու մինչ օրս հանդես է գալիս այդ թիմում։

ՎԱԼՏԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ․ 20 ԽԱՂ 2 ԳՈԼ

Պողոսյանը համարվում էր Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, բայց նրա ֆուտբոլային կարիերան այդքան էլ հաջող չդասավորվեց։ 2017 թվականին նա հեռացավ «Բանանցից», եղավ «Գանձասար-Կապանում», այնուհետև «Արցախում», սակայն կայուն ելույթներ ոչ մի ակումբում այդպես էլ չունեցավ։ Պողոսյանը 26 տարեկանում ավարտեց գործնական ֆուտբոլը։

ԱՐԱՄ ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆ․ 15 ԽԱՂ

Հաղթական մրցաշրջանից հետո Շախնազարյանը ևս երկու մրցաշրջան անցկացրեց «Բանանցի» կազմում, այնուհետև հանդես եկավ «Արարատ», «Փյունիկ», «Շիրակ», «Ալաշկերտ» ակումբներում։ Շախնազարյանի վերջին ակումբը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվն» էր, որի կազմում նա ծանր վնասվածք ստացավ, վիրահատվեց, իսկ այժմ էլ վերականգնվում է։

ԿԱՌԼՈ ՍՏԵՖԱՆՈ ԼԱՐԱ․ 14 ԽԱՂ 3 ԳՈԼ

Մեքսիկացի բարձրահասակ այս հարձակվողը «Բանանցում» անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը։ Առաջնության երկրորդ կեսում նա արդեն «Ուլիսի» ֆուտբոլիստն էր։ Լքելով Հայաստանը Լարան վերադարձավ իր հայրենիք և մինչև 2018/19 մրցաշրջանը հանդես եկավ Մեքսիկայի հզորությամբ 2-րդ լիգայում, այդ ընթացքում փոխելով 7 ակումբ։ 31-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանից հանդես է գալիս Գվատեմալայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Սանտա Լուչիա» ակումբում։

ՈՒՉԱ ԳՈԳՈԼԱՁԵ․ 14 ԽԱՂ

Վրաց կիսապաշտպանը «Բանանցին» միացավ մրցաշրջանի երկրորդ հատվածում, ու մասնակցեց երկրորդ շրջանի բոլոր հանդիպումներին։ «Բանանցի» կազմում չեմպիոն դառնալուց հետո Գոգոլաձեն տեղափոխվեց Բելառուս, հանդես գալով «Սլուցկում»։ Մեկ տարի անց նա վերադարձավ հայրենիք հանդես եկավ Վրաստանի հզորությամբ երկրորդ լիգան ներկայացնող «Ալգեթի» ակումբում։ 2015/16 մրցաշրջանից հետո որևէ տեղեկություն Գոգոլաձեի ֆուտբոլային ելույթների մասին չկա։

ՊԵՏԵՐ ՇՏԵՖԱՆՈՎՍԿԻ․ 13 ԽԱՂ 3 ԳՈԼ

Սլովակիան ներկայացնող այս ֆուտբոլիստը «Բանանցը» համալրեց ձմեռային դադարի ընթացքում։ Չեմպիոնությունից հետո Շտեֆանովսկին վերադարձավ հայրենիք ու 3 տարի հանդես եկավ Սլովակիայի բարձրագույն խմբի առաջնությունում, այնուհետև սկսեց հանդես գալ Չեխիայում։ Այժմ խաղում է Չեխիայի ցածր առաջնություններից մեկում։

ԼՅՈՒԲՈՇ ՀԱՆԶԵԼ․ 11 ԽԱՂ 1 ԳՈԼ

«Շալկե-04»-ի կազմում 1 հանդիպում անցկացրած սլովակ ֆուտբոլիստը ձմեռային դադարի ընթացքում համալրեց թիմը ու միանգամից դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Չեմպիոնական մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց Չեխիա, այնուհետև վերադարձավ ու ևս մեկ մրցաշրջան անցկացրեց «Բանանցի» կազմում։ 2015/16 մրցաշրջանում նա տեղափոխվեց Չեխիա ու նույն ժամանակահատվածում էլ ավարտեց կարիերան։

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ 11 ԽԱՂ

Հաղթական մրցաշրջանում «Բանանցի» կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը հենց Հակոբյանն էր։ Այդ տարի նա իր նորամուտը նշեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում և մինչ օրս հանդես է գալիս «Ուրարտուում»։ Ընթացիկ առաջնության 16-րդ տուրի «Լոռիի» հետ խաղը Հակոբյանի համար 100-րդ հանդիպումն էր «Ուրարտուի» կազմում։

 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ` ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿ

Չեմպիոնական մրցաշրջանից հետո Հոռնյակը «Բանանցը» գլխավորեց մինչև 2015 թվականի հունիսը։ Այդ ընթացքում «Բանանցը» իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր ու նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Հայաստանից հետո Հոռնյակը կարճ ժամանակահատված գլխավորեց Մալթան ներկայացնող «Մոստա» թիմը, այնուհետև ռուսական «Լուչը»։ 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի մայիսը Հոռնյակը Լիբերեցի «Սլովանի» գլխավոր մարզիչն էր, իսկ 2019 թվականի հուլիսից գլխավորում է Հունգարիայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Ակադեմիա Պուշկաշ» թիմը։

 

«Բանանցի» կազմում չեմպիոնական մրցաշրջանում հանդես են եկել նաև

Արտակ Եդիգարյան – 13 խաղ 1 գոլ

Էդգար Մալաքյան – 12 խաղ  4 գոլ

Նարեկ Դավթյան – 11 խաղ

Գոռ Հովհաննիսյան – 6 խաղ

Նարեկ Գյոզալյան – 6 խաղ

Կարեն Հարությունյան – 5 խաղ

Սեմյոն Մուրադյան – 5 խաղ

Արամ Քոչարյան – 4 խաղ

Կիրիան Նվաբուեզե – 4 խաղ

Արեգ Ազատյան – 4 խաղ

Վաչիկ Եղիազարյան – 3 խաղ

Անդրանիկ Քոչարյան – 3 խաղ

Խաչատուր Ավետիսյան – 3 խաղ 1 գոլ

Նաիրի Մինասյան – 2 խաղ

Գարեգին Մաշումյան – 2 խաղ

Դավիթ Սուջյան – 1 խաղ

Հովհաննես Փանոսյան – 1 խաղ