Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

01/06/2020

Արդեն մեկնարկել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը։ 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։30-ին։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների, ստորև ներկայացնում ենք փաստեր այս դիմակայության մասին․


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Կարանտինային դադարից հետո «Ուրարտուն» արդեն մեկ պաշտոնական հանդիպում անցկացրել է, իսկ «Գանձասար-Կապանի» համար այս խաղը լինելու է առաջինը տևական դադարից հետո։ Թիմը նախորդ տուրում ազատ էր, քանի որ մրցակիցը «Երևանն» էր։ Կարանտինային դադարից հետո այս թիմերը միմյանց հետ ընկերական հանդիպում են անցկացրել, որն ավարտվել է կապանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով, երկու անգամ էլ աչքի էր ընկել Գեղամ Հարությունյանը։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ մրցել են 64 անգամ։ «Ուրարտուն» հաղթել է 20 անգամ, գրանցվել է նույնքան ոչ-ոքի, իսկ «Գանձասար-Կապանը» հաղթել է 24 անգամ։ Կայացած 64 խաղերի ընթացքում խփվել է 153 գոլ։ Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում կողմերը գրանցել են երկուական հաղթանակ, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ Սեփական հարկի տակ կայացած վերջին 5 խաղերում «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, գրանցել 1 ոչ-ոքի և 1 պարտություն։ «Ուրարտուի» հարկի տակ կայացած 32 խաղերում ամենից շատ հանդիպող ելքը՝ ոչ-ոքին է։ 15 անգամ թիմերը լքել են խաղադաշտը խաղաղ ելքով, 6 անգամ հաղթել է «Գանձասարը», իսկ «Ուրարտուն»՝ 11 անգամ։

 

2 ԽԱՂ, 8 ԳՈԼ

Ընթացիկ առաջնությունում թիմերը հասցրել են երկու անգամ մրցել միմյանց հետ։ Առաջնության 4-րդ տուրի խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ Այդ խաղում տուգանային հարվածից տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը, բայց ընդամենը մեկ րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո գնդակն անդրադառնալով Արամ Բարեղամյանից հայտնվեց «Ուրարտուի» դարպասում։ Առաջնության 13-րդ տուրում «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ կամային հաղթանակ տոնեց՝ 4-2 հաշվով։ Այդ խաղում աչքի ընկան Եվհեն Բուդնիկը, Եվգենի Կոբզարը, իսկ Սեմյոն Սինյավսկին դուբլ ձևակերպեց։

12 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Երկու թիմերի կազում այժմ կան 12 ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել երկու ակումբներում էլ։ «Ուրարտուի» կազմից նախկինում «Գանձասար-Կապանում» են հանդես եկել Արսեն Բեգլարյանն ու Էդվարդ Կպոդոն, իսկ «Գանձասար-Կապանի» ներկայիս կազմից նման ֆուտբոլիստները 10-ն են՝ Հակոբ Համբարձումյան, Գևորգ Նռանյան, Աշոտ Ադամյան, Գրիգոր Աղեկյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Անդրանիկ Քոչարյան, Արամ Քոչարյան, Աշոտ Քոչարյան, Էմիլ Եղիազարյան, Վարդան Պողոսյան։ Ի դեպ «Գանձասար-Կապանի» ներկայիս ավագ Գևորգ Նռանյանը 2015 թվականին «Ուրարտուի» կազմում դարձել է սուպերգավաթակիր, այդ խաղում հենց նա էր կատարում ավագի պարտականությունները, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանը 2015/16 մրցաշրջանում «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։


Վերջում հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 19։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։