Not Selected

ԿԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ․ «ԼՈՒԼՈՒԿՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՇԱՐԺԱՌԻԹ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

16/09/2020

«Ուրարտու-2»-ը շարունակում է ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղերում տոնել է 3 հաղթանակ, մեկ անգամ պարտվել, իսկ վերջին տուրում ոչ-ոքի արդյունք գրանցել «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում։ Մենք զրուցել ենք թիմի կիսապաշտպան Կարեն Գալստյանի հետ, խոսել թիմի ելույթների ու առաջնությունում անելիքների մասին։

 

ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ լավ ենք մեկնարկել։ Առաջին խաղում պարտություն կրեցինք, բայց մեր հետագա խաղերում ապացուցեցինք, որ կարող ենք ճիշտ աշխատելու դեպքում հաղթել։ Թիմի մոտ այժմ ասես բնավորություն է դառնում յուրաքանչյուր խաղում առաջինը գոլ բաց թողնելը, բայց փորձը ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք շտկել խաղն ու մեր օգտին ավարտել այն։ «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում էլ կարող էինք ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները, սակայն ինչ-որ բան խանգարում էր։ Բայց, հաշվի առնելով ցուցադրած խաղը, կարծում եմ՝ երկու թիմի համար էլ արժանի արդյունք էր»։

ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարող եմ ասել, որ թիմում կա միասնականություն, ինչը շատ կարևոր է։ Տղաները միմյանց օգնում են թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նորեկներն էլ հուսով եմ հարմարվել են արդեն ու հիմա փորձելու ենք այդ միասնական աշխատանքով հաջողությունների հասնել: Թիմում իսկապես լավ մթնոլորտ է։ Խաղակցվածությունը խաղ առ խաղ լավանում է, միմյանց ավելի լավ ենք հասկանում խաղադաշտում»։

ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես կխոսեմ իմ անունից, մինչև վերջ նվիրվելու եմ, փորձելու եմ առավելագույնս օգտակար լինել թիմին յուրաքանչյուր խաղում։ Այս մրցաշրջանում ամեն ինչ անելու ենք՝ արժանի խաղ ցուցադրելու ու հաղթանակներ տոնելու համար։ Կարծում եմ, որ իմ նման մտածում են նաև բոլոր թիմակիցներս։ Թիմում մենք մեկ նպատակ ունենք ու կանենք ամեն ինչ հաջողության հասնելու համար»։

ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆԻ՝ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ խաղընկերս նորամուտը նշեց «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ Լավ էր, որ այն հաղթական եղավ։ Ի սրտե ուրախանում եմ Գոռի հաջողություններով, քանի որ նրան վաղուց եմ ճանաչում։ Նրա օրինակը շարժառիթ է նաև մեզ համար, որ լավ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում յուրաքանչյուրս էլ կարող ենք խաղալ գլխավոր թիմում»։