Not Selected

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

24/06/2020

Հունիսի 24-ին Vbet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում միմյանց հետ կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»։ Այս դիմակայության առաջին խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվել էր սեփական հարկի տակ։ Ստորև ներկայացնում են ամենահետաքրքիրն այս դիմակայության մասին․

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

«Նոան» մինչև կիսաեզրափակիչ հասնելը Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով 1-0 հաշվով: Քառորդ եզրափակչում Իգոր Պիկուշչակի թիմը դարձյալ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց՝ այս անգամ էլ պայքարից դուրս թողնելով Չարենցավանի «Վանին»։ «Ուրարտուն» էլ 1/8-րդ եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեց «Փյունիկին», իսկ քառորդ եզրափակչում Եվգենի Կոբզարի խփած միակ գոլի շնորհիվ հաղթահարեց «Լոռիի» արգելքը։ Դա Ալեքսանդր Գրիգորյանի առաջին հաղթանակն էր «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ մրցել են 7 անգամ, առավելությունը «Նոայի» կողմն է, որը հաղթել է 3 անգամ, «Ուրարտուն» հաղթել է 2 խաղում, իսկ 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։ «Նոայի» հարկի տակ կայացած 3 խաղերում դաշտի տերերը հաղթել են 2 անգամ, 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ «Ուրարտուին» դեռ չի հաջողվել հաղթել «Նոային»՝ մրցակցի հարկի տակ։ Գնդակների տարբերությունը հավասար է՝ կողմերից յուրաքանչյուրը խփել է 6-ական գոլ։

ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։ Աչքի ընկան Դավիթ Մանոյանն ու Մաքսիմ Մայրովիչը։ «Ուրարտուի» հարկի տակ առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայացած խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։