Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԵԼՈՒՅԹՆԵՐԸ 2021-ԻՆ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

18/12/2021

«Ուրարտուի» երկրորդ թիմի համար այս տարին բավական հագեցած ստացվեց։ Առաջարկում ենք վերհիշել թիմի համար կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցնող 2021 թվականին։  

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ

«Ուրարտու-2»-ը տարին սկսեց արտասահմանյան հավաքով, որը բացառիկ երևույթ էր հայկական ակումբների դուստր թիմերի պատմության մեջ։ Մեր ակումբի երկրորդ թիմը  2021-ի փետրվարի 7-ից 19-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում «Ուրարտու-2»-ը անցկացրեց 3 ստուգողական հանդիպում։ Առաջինում մրցակիցը իսպանական Լա լիգայի ակադեմիայի թիմն էր՝ «Լա լիգա HPC» անվամբ։ Այս թիմին մեր տղաները զիջեցին 3-1 հաշվով։ Մյուս մրցակիցը ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լիվա» ֆուտբոլային ակումբն էր։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Իսկ ուսումնամարզական հավաքի վերջին խաղում մեր երկրորդ թիմն ուժերը չափեց «Ֆուրսան Իսպանիայի» հետ։ Հանդիպումը գոլառատ ստացվեց և ավարտվեց «Ուրարտու-2»-ի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ 

ԱՌԱՋԱՏԱՐ՝ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԻՄԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

2021 թվականի մարտին «Ուրարտու-2»-ի կազմում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն։ Ռոբերտ Արզումանյանի փոխարեն թիմի ղեկն ստանձնեց «Ուրարտուի» նախկին ավագ, երկար տարիներ ակումբի գույները պաշտպանած Արամ Բարեղամյանը։

Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածում թիմը, անցկացնելով 15 հանդիպում, տոնեց 3 հաղթանակ, գրանցեց նույնքան ոչ-ոքի և կրեց 9 պարտություն՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

Հարկ է նշել, որ դուստր թիմերի շրջանում «Ուրարտու-2»-ը ցույց տվեց լավագույն արդյունքը՝ Առաջին խմբի նախորդ առաջնությունում իրենից հետ թողնելով «Արարատ-2», «Փյունիկ-2», «Շիրակ-2» և «Արարատ-Արմենիա-2» թիմերին։ 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ

Միջմրցաշրջանային հատվածում «Ուրարտու-2»-ն ուղևորվեց Դիլիջան։ Տավուշի մարզում թիմը հուլիսի 19-ից 27-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց, ինչպես նաև ունեցավ ստուգողական հանդիպումներ՝ «Փյունիկ Ակադեմիայի» (2-1) և «Շիրակի» (1-3) հետ։  Սեփական մարզաբազայում մի քանի օր նախապատրաստվելուց հետո թիմը պայքարը սկսեց նոր մեկնարկած մրցաշրջանում։

2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները անցկացրած 15 խաղերում 25 անգամ են գրավել մրցակիցների դարպասը, իսկ սեփականն ընդունել 28-ը։ Թիմի օգտին գրանցվել է 4 հաղթանակ, նույնքան ոչ-ոքի և 7 պարտություն։ Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակած 16 միավորով աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում։

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ

2021/22 մրցաշրջանում «Ուրարտու-2»-ի կազմում բոլոր խաղերին (ընդ որում՝ առանց փոխարինվելու) մասնակցել է միայն մեկ ֆուտբոլիստ՝ Տիգրան Այունցը, որը խաղադաշտում անցկացրել է ընդանուր առմամբ 1350 րոպե։ Բացի այս նա թիմի լավագույն ռմբարկուն է՝ խփած 9 գոլով։

Այս մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությանը մասնակցած մեր ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դարպասապահ Մխիթար Ումրեյանն է։ Նա 2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ, ինչպես նաև հայտավորված է եղել ևս երեքին՝ որպես պահեստային դարպասապահ։ Իսկ ամենափորձառուն 22-ամյա Վարդան Բաբախանյանն է, որը 15 խաղից մասնակցել 13-ին: Նա խաղադաշտում անցկացրել է 965 րոպե, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Առաջնությունում ընդգրկված 10 թիմերի հետ պայքարում տնային խաղերում ցույց տված արդյունքով մեր թիմը եզրափակում է լավագույն եռյակը՝ հետ մնալով միայն  առաջատարներ «Լեռնային Արցախից» և «Շիրակից»։