Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ ԲԿՄԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

10/02/2021

Նախապատրաստական շրջանի 6-րդ խաղում «Ուրարտուն» ուժերը չափեց ԲԿՄԱ-ի հետ։ Խաղն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Գոլերը խփվեցին հանդիպման վերջնամասում, աչքի ընկան Կարեն Մելքոնյանն ու Իսահ Ալիյուն։

Փետրվարի 10-ին «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցն այս անգամ ԲԿՄԱ-ն էր։ Հարկ է նշել, որ այս խաղում բանակայինների մեկնարկային կազմում խաղում էին «Ուրարտուից» գործուղված 6 ֆուտբոլիստներ՝ Ռադիկ Սարգսյանը, Նարեկ Գրիգորյանը, Սերգեյ Մկրտչյանը, Պետրոս Մանուկյանը, Նարեկ Աղասարյանը և Արման Ղազարյանը։

Ալեքսանդր Գրիգորյանն այս խաղի առաջին կեսում խաղաժամանակ տրամադրեց հիմնականում այն տղաներին, որոնք վերջերս են երկրորդ թիմից միացել գլխավոր թիմին։ Առաջին կեսը գոլային պահերով հարուստ չստացվեց։ Առավելությունն «Ուրարտուի» կողմն էր, «Առյուծներն» ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն գրոհները արդյունավետ եզրափակել չէր ստացվում։ Առաջին խաղակեսում գոլեր չեղան։

Ընդմիջմանը Գրիգորյանը մի շարք փոփոխություններ կատարեց: Երկրորդ կեսում վտանգավոր պահերը երկու թիմերի կատարմամբ ավելի շատացան։ Խաղի վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։ Նախ աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը, իսկ վերջին րոպեին էին նույն Մելքոնյանը 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Իսահ Ալիյուն։ «Ուրարտու» - ԲԿՄԱ 2-0։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 15-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Սևանին»։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 2-0

1-0 Կարեն Մելքոնյան (83') 2-0 Իսահ Ալիյու (90' 11մ)