Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

05/02/2021

«Ուրարտուն» սեփական հարկի տակ հերթական ստուգողական խաղն անցակացրեց։ «Ալաշկերտի» հետ հանդիպումն ավարտվեց Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Սանթոսը, որը խաղի օրը նշում էր նաև իր ծննդյան տարեդարձը

9 օրվա ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց «Ալաշկերտի» հետ։ Այս անգամ հանդիպումը կայացավ «Ուրարտու» մարզահամալիրում։ Այս խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված, «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի նկարով պատկերված շապիկներով, որի վրա գրված էր` «Միշտ մեզ հետ, միշտ մեր կողքին․․․»։

Այս խաղը նախորդի նման գոլառատ չստացվեց, բայց պայքարը բավականին կոշտ էր, երբեմն էլ՝ կոպիտ։ Գլխավոր մրցավարի համար իսկապես բարդ խաղ էր, դրվագներից մեկում անգամ հրմշտոց եղավ, բայց իրավիճակը շատ արագ հարթվեց։ Առաջին կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Սանթոսը, ուշագրավ է, որ այդ օրն իր ծննդյան տարեդարձն էր, ու Սանթոսն ինքն իրեն լավ նվեր արեց։ Գոլից հետո Ջեյմսը ձեռքերը պարզեց դեպի երկինք, իսկ խաղից հետո իր ինստագրամյան էջում գրեց․ «Գոլս նվիրում եմ ընկերոջս, որը հերոսաբար զոհվեց՝ պաշտպանելով իր հայրենիքը»։

Երկրորդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը մի շարք փոփոխություններ կատարեց, պայքարը դաշտում դարձյալ անզիջում ստացվեց, գոլ խփելու պահեր ունեցան կողմերից յուրաքանչյուրն էլ, սակայն նորերն այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1-0։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 10-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-0

1-0 Ջեյմս Սանթոս (24’)