Not Selected

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 74 ՏԱՐԵԿԱՆ

11/08/2021

1947 թվականի օգոստոսի 11-ին է լույս աշխարհ եկել հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Արկադի Անդրիասյանը։

Բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ այս ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլում լավագույններից էր։

Անդրիասյանը 1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ: 1972 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1973 թ.-ին` ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թթ.` ԽՍՀՄ գավաթակիր։

ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: 1969-72 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանը ակտիվ մարզչական գործունեություն է ծավալել։ Իսկ 2019 թվականից մինչև կյանքի վերջին օրերը աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Զբաղեցրել է ակումբի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, եղել է գլխավոր տնօրենի խորհրդականը։

Լեգենդար ֆուտբոլիստը վախճանվել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։

Անվանի մարզիկի հիշատակը միշտ վառ կմնա հայ ֆուտբոլասերների հուշերում։