Not Selected

ՊԱԲԼՈ ԳԱՐՍԻԱ ԿԱՅԱՐԳԱ․ «ԱՅՍ ԱԿՈՒՄԲԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

06/08/2021

«Ուրարտուի» ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պաբլո Գարսիա Կայարգան մեզ հետ զրույցում պատմել է իր փորձի, «Ուրարտու» գալու մարտահրավերի և ակադեմիայի ապագայի տեսլականի մասին․

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին նման հնարավորության համար։ Իմ կարիերայի համար սա շատ կարևոր քայլ է գալ նման ակումբ, նման հաստատություն, որը հրաշալի պայմաններ և աշխատակազմ ունի։ Այստեղ աշխատելու մեծ ցանկություն ունեմ»։

ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք հիմա պատրաստվում ենք կազմել աշխատանքի մեթոդաբանության ծրագիրը, ինչն ամենակարևորն է։ Հասկանալի է, ցանկացած տարիք իր առանձնահատկություններն ունի, բայց պատանիների հետ աշխատանքը մենք պետք է կառուցենք ճիշտ այն ուղղությամբ, որն ունի գլխավոր թիմը։ Այսինքն հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները բոլորը պետք է աշխատեն նույն կերպ»։

ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ակադեմիայի մարզչական կազմի հետ զրուցել եմ։ Ինձ շատ ջերմ են ընդունել։ Խոսել եմ նաև գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ։ Այստեղ աշխատող իսպանացի մարզիչներն ինձ միայն դրականն են պատմել այս ակումբի մասին։ Ինչն էլ արդեն սեփական աչքերով տեսնելով համոզվում եմ»։

ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջին տարիներին եղել եմ Սանտանդերի «Ռասինգում» հիմնականում աշխատել եմ ակադեմիայի ավարտական տարիքի ֆուտբոլիստների հետ։ Շատ ուժեղ դպրոց էր, իսկ «Ռասինգն» էլ եթե հիշում եք ժամանակին խաղում էր Լա լիգայում, ինչպես նաև Եվրոպա լիգայում։ Այնտեղ աշխատում էի 17 տարեկանների հետ, որը համարվում է ակումբի երիտասարդական թիմը»։

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԱՇԽԱՏԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹԻ ՄԱՍԻՆ

«Այս ակումբը շատ կարևոր նշանակություն ունի այս երկրի համար։ Նշանակալի պատմություն և ավանդույթներ ունի։ Նախքան այստեղ գալը հասցրել եմ ծանոթանալ, հիմա էլ ինֆորմացիա եմ հավաքում։ Շատ փաստեր այս ակումբի մասին արդեն զարմացրել են ինձ: Ակումբը զարգացման, առաջընթաց գրանցելու, ավելի լավը դառնալու հստակ ծրագիր ունի, հենց դա էլ ինձ մոտիվացնում է այստեղ լինելու համար»։