Not Selected

ԱՆՀԱՋՈՂ ԵՐԵԿՈ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

13/09/2021

Միջազգային դադարի ավարտից հետո «Ուրարտուն» վերսկսեց իր ելույթները Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Փյունիկին»։ Հյուրերից աչքի ընկան Էրիկ Վարդանյանն ու Ուգո Ֆիրմինոն.

 

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

Միջազգային ելույթներով պայմանավորված դադարից հետո վերսկսվեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան։ 6-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Ուրարտուում», որտեղ «Առյուծներն» ընդունեցին «Փյունիկին»։ Դադարը բավականին երկար էր ու պետք է փաստել, որ «Ուրարտուից» միանգամից 9 ֆուտբոլիստներ հրավիրվել էին ազգային ու տարբեր տարիքային հավաքականներ։ Դա ամենաբարձր ցուցանիշն էր հայկական ակումբների շարքում։ Այս խաղին «Ուրարտուն» ներկայացել էր կադրային խնդիրներով։ Եթե Վիտինյոն, Պյոտր Տենն ու Նանա Անտվին աստիճանաբար ներգրավվում են մարզումային գործընթացին ու մարզավիճակ են հավաքում, ապա Արթուր Միրանյանը, դեռ ապաքինվում է։ Վատառողջ լինելու պատճառով հանդիպմանը տեխնիկական գոտուց չէր հետևում նաև Ռոբերտ Արզումանյանը։

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ինչպես հայտնի է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ «Փյունիկի» հետ խաղից առաջ Vbet ընկերության ներկայացուցիչ Կարեն Ռաֆայելյանը Գրիգորյանին հանձնեց իր մրցանակը։ Նախորդ ամսվա ընթացքում Գրիգորյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 4 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ ԿԱՏԱՐԵՑ ԲԱՉԿՈՎԸ

Ձևավորված ավանդույթի համաձայն այս անգամ էլ խաղն առանց նշանավոր հյուրի ներկայությամբ չանցավ։ Խաղի առաջին խորհրդանշական հարվածը կատարեց 32-րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։ Տրիբունաները մեծ ոգևորությամբ ողջունեցին անվանի մարզիկին։

ԿԱԶՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Այս խաղում դուրս եկավ ճիշտ այն կազմը, որը խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ Կարելի է ասել, որ մեկնարկն ու առհասարակ առաջին կեսն անցան հավասար պայքարում։ Վտանգավոր պահերով առաջին կեսը հարուստ չէր, սակայն «Փյունիկի» ֆուտբոլիստները կարողացան մեկ գրոհ արդյունավետ եզրափակման հասցնել։ Ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո Էրիկ Վարդանյանը գնդակն ուղղեց դեպի դարպասը։ Անատոլի Այվազովը միայն դարպասից կարողացավ հեռացնել գնդակը, իսկ վրա հասած Ժունինյոն հաստատեց «Փյունիկի» առավելությունը՝ 0-1։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։

ԵՎՍ ՄԵԿ ԳՈԼ ՍՏԱՆԴԱՐՏԻՑ

Երկրորդ կեսում «Ուրարտուն» խաղադաշտ էր մտել խաղը փոխելու վճռականությամբ, սակայն «Առյուծների» գրոհներն այդքան էլ վտանգավոր եզրափակում չէին ստանում։ Փոխարենը ևս մեկ անգամ աչքի ընկան «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ուգո Ֆիրմինոն՝ 0-2։ Սա արդեն հաղթելու լուրջ հայտ էր «Փյունիկի» կողմից։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, բայց ապարդյուն՝ «Ուրարտու» - «Փյունիկ» 0-2։

ՀԱՋՈՐԴԸ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

Այս պարտությունից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունենալով 7 միավոր իջավ 5-րդ հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 22-ին, հյուրընկալվելով «Արարատ-Արմենիային»։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 0-2

0-1 Էրիկ Վարդանյան (42'), 0-2 Ուգո Ֆիրմինո (52')

 

«ՈւՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 15. Աննան Մենսահ, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 25․ Էդգար Գրիգորյան (4․ Արմեն Մանուչարյան 59'), 5. Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (19. Սերգեյ Մկրտչյան 70'), 21. Նարեկ Գրիգորյան (10․ Կարեն Մելքոնյան 59'), 23 Լիվիո Միլտս (20. Գոռ Լուլուկյան 90'), 90. Օլեգ Պոլյակով, 12. Ջոնել Դեսիրե:

Պահեստայիններ՝  24. Արսեն Բեգլարյան, 77 Էրիկ Սիմոնյան, 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 36. Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 20. Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան։

«ՓՅՈՒՆԻԿ»․ 71. Ստանիսլավ Բուչնև, 22. Էդգար Մովսեսյան (17. Լևոն Վարդանյան 59'), 88. Յուրի Գարեգինյան (8. Արամ Քոչարյան 70'), 95. Անտոն Բրատկով, 7. Ուգո Ֆիրմինո (21. Կառլոս Տավարես 80'), 3. Անդրադե Նասիմենտո Բրունո, 6. Տելես Դոս Սանթոս Ջունիոր, 14. Էրիկ Վարդանյան (ա) (5. Զորան Գայիչ 70'), 26. Ադնան Շեչերովիչ (11. Հովհաննես Հարությունյան 59'), 90. Խոսե Էնրիկե Կարաբայո , 25. Մագոմեդ Մուսալով։

Պահեստայիններ՝ 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 2․ Սերոբ Գրիգորյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 17․ Լևոն Վարդանյան, 11․ Հովհաննես Հարությունյան, 21․ Կառլոս Տավարես, 93․ Իգոր Լեյտե, 5․ Զորան Գայիչ, 8․ Արամ Քոչարյան։