Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․«ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԻՑ ՀԵՏՈ ՀԱՎԱՏԸ ԿՈՐՑՐԻՆՔ»

22/09/2021

«Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղի, չիրացված պահերի ու պարտության մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսը անցավ այնպես, ինչպես պլանավորել էինք, գիտեինք՝ ինչպես է մրցակիցը պրեսինգի դիմելու, ըստ այդմ ծրագրել էինք՝ ինչպես պետք է դուրս գայինք պրեսինգից, ինչ գոտիներ պետք է օգտագործեինք և ինչպես գնդակը հասցնեինք մրցակցի տուգանային հրապարակ։ Այդ ամենը ստացվում էր մեզ մոտ, պաշտպանությունում էլ լավ էինք գործում։ Ունեցանք դրվագներ, որոնք կարող էինք ավարտել գոլով։ Տեսաք Օլեգ Պոլյակովի ունեցած պահը, որի ժամանակ գնդակն անհավանական կերպով չհայտնվեց դարպասում։ Ընդհանուր առմամբ, լավ առաջին խաղակես անցկացրինք, երկրորդ խաղակեսն սկսվեց 11-մետրանոցից բաց թողած գոլով, այնուհետև բաց թողեցինք երկրորդը, որից հետո թիմը մասնատվեց, դա տեսանք նաև նախորդ՝ «Փյունիկի» հետ խաղում։ Դա անթույլատրելի է, չպետք է հավատը կորցնել ու այդպիսի իրավիճակում ազատ տարածություններ տալ մրցակցին։ «Արարատ-Արմենիան» էլ, ունենալով արագ ու որակապես լավ ֆուտբոլիստներ, օգտագործեց այդ փաստը։ Ինչևէ, պետք է նայենք առաջ»։

ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԸ ՉԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գոլ խփելը ֆուտբոլում ամենադժվար բանն է։ Մեր տղաները ստեղծում են բազմաթիվ պահեր, գոլեր շատ ենք խփել, այս պահին խնդիր կա, պետք է աշխատենք, սակայն ասել, որ երկրորդ խաղակեսում միայն դա մեզ խանգարեց, սխալ է, քանի որ խաղը փոխվեց առաջին գոլից հետո։ Այս խաղում այդ խնդիրն ամենամեծն էր, կարող եմ ասել, որ երկրորդ խաղակեսում մրցակիցը մեզ գերազանցեց»։