Not Selected

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ․ «ՄԵԾ ՊԱՏԻՎ ԷՐ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ԱՅՍ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ»

07/09/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հուշարձանների ու մարզադաշտերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշպտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը․

«Ինձ համար այսօր մեծ պատիվ է ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը, որն իմ կարծիքով երկու խորհուրդ ունի։ Առաջին խորհուրդը՝ հայկական ֆուտբոլի հավերժացումն է, նրա զարգացումը, սերնդափոխությունը և ուսումնանյութական այն բազայի ստեղծումը, որը ոչ միայն  Հայաստանի, այլև տարածաշրջանային ու միջազգային առումով զարգացման միտում ունի, դրա մասին են վկայում այն գործողությունները, որոնք տեղի են ունենում հայկական ֆուտբոլում։

Արկադի Անդրիասյան, Հովհաննես Զանազանյան․ Մարդիկ են, որոնց հետևից սերունդներ են դաստիարակվել։ Նրանք մեծ ներդրում են ունեցել ոչ միայն ֆուտբոլում, այլև ընդհանուր դաստիարակության մեջ, դա վկայում է նաև այսօրվա երկրորդ խորհուրդը, որ մենք մեծարում և լեգենդար մարդկանց կողքին բացում ենք Սիմոն Իսրայելյանի կիսանդրին։ Մարդը, որը մեծ ներդրում է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, իր կյանքն է նվիրել այսօրվա մեր խաղաղ արարմանը։

Այսօր հայ ժողովուրդը շատ դժվար իրավիճակում է գտնվում, բայց այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ նվիրումն է։ Մարդկանց նվիրումն իրենց գործին, իրենց մասնագիտական վարպետությանը, արժանապատվությանը։

Շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի աշխատակիցներին, առաջին հերթին՝ Ջևան Չելոյանցին և բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեծարում են մեր ֆուտբոլի մեծ ճանապարհը և այն հերոսներին, որոնք հավերժացնում են հայ ժողովրդի պատմությունն ու անցած ճանապարհը»։