Not Selected

ՋԵՎԱՆ ՉԵԼՈՅԱՆՑ․ «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ՍԱՆԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՆ Է»

07/09/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հուշարձանների ու մարզադաշտերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցը․

«Առաջին հերթին ուզում են Ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն, որ չեք մոռանում մեր հերոսներին։ Այլ կերպ ես նրանց չեմ կարող անվանել։ Ես իմ ակումբում միշտ ասում եմ, որ մեր խնդիրը լավ ֆուտբոլիստներ պատրաստելն է, մեր խնդիրը լավ մարզիչներ պատրաստելն է, բայց գլխավոր խնդիրը՝ մարդկանց պատրաստելն է, որպեսզի նրանք արժանի լինեն իրենց հայրենիքին, պետությանը։ Դա մեր ակումբի գլխավոր խնդիրն է։

Ես չեմ խոսի այս մարդկանցից յուրաքանչյուրի մասին, բայց այս բառերը չեմ կարող չարտասանել, որովհետև սա իմ անձնական կարծիքն է, դեռևս պատանեկան տարիքից, հասուն շրջանում և հիմա։ Ես ուզում եմ երկու բառ ասել շատ հակասական մարդու՝ Արկադի Անդրիասյանի մասին։

Ճիշտ է, նա շատ բարդ բնավորություն ուներ, բայց նա հայկական ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Անգամ ունենալով հիմա Մխիթարյանին, Անդրիասյանը՝ մեծագույնն է, որն անգերազանցելի է։ Ես ուզում եմ, որ լինի մեկը, ով կգերազանցի նրան, շատ եմ ուզում որ այդ ֆուտբոլիստը մեր մարզադաշտերում մեծանա։ Ինչու եմ ասում, որ նա մեծագույնն է, որովհետև նա կերտել է իր յուրահատուկ ոճը, ոչ թե խաղը, այլ ոճը։ Դա պետք է հասկանալ։

Այսօր մենք նաև խաղադաշտեր ենք բացում։ Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, որ նրանք մեզ ընդառաջ եկան, բայց հիմնական աշխատանքը մենք ենք կատարել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շինարարներին, որ կառուցել են խաղադաշտերն ու արձանները։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ակումբի բոլոր աշխատակիցներին, բոլոր ֆուտբոլիստներին, բոլոր մարզիչներին ու իմ ակումբի ամենագլխավոր մարդկանց՝ երեխաներին։ Նրանք գլխավորն են մեր ակումբում և արդեն 1100-ից ավելին են։

Վերջում որ ուզում եմ ասել, որ ես քաղաքական գործիչ չեմ, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ ու չեմ էլ ուզում զբաղվել, բայց մեկ բան եմ ուզում ասել․ կարելի է բանավիճել, քննադատել, երբ ընտրություններ են, բայց ընտրություններից հետո պետք է միայն աշխատել։ Այդժամ էլ կլինի առաջընթացը։ Պետք է միահամուռ ուժերով աշխատենք, ուրիշ ոչինչ»։