Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱԿՈՒՄԲԻ 30-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

24/10/2022

Fastex Հայստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց առաջնության հետնապահ «Նոայի» հետ և առավելության հասավ 3-1 հաշվով։ Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Մաքսիմ Մայրովիչը, Մարկոս Ժունիորն ու Դմիտրո Խլյոբասը, իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Ադամս Ֆրայդեյը։

Հոկտեմբերի 23-ը հոբելյանական էր «Ուրարտուի» համար։ Ակումբը նշում էր հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Հանդիպմանը նախորդեց ակումբի թանգարանի բացումը, իսկ հաջորդեց մեծ համերգային ծրագիր։

«Ուրարտուի» ու «Նոայի» միջև վերջին խաղն առաջին շրջանում էր, որտեղ մեր տղաները 6 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը։ Իսկ «Ուրարտու» մարզդաշտում կայացած խաղն այդքան էլ հեշտ ընթացք չունեցավ։ Չնայած այն հանգամանքին, որ հաշիվը բացեցինք 10-րդ րոպեին, 1-0-ն բավական երկար ժամանակ պահպանվեց։ Նարեկ Գրիգորյանի հարվածից հետո Վարդան Շահատունին կարողացավ հետ մղել գնդակը, սակայն վրա հասած Մաքսիմ Մայրովիչը գնդակն ուղարկեց նրա պաշտպանած դարպասը՝ իր անվան դիմաց գրանցելով 6-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ Գոլը կարծես թե հանգստություն ու հավելյալ վստահություն հաղորդեց մեր տղաներին, բայց միևնույն ժամանակ «Նոան» թույլ չէր տալիս տիրել ողջ նախաձեռնությանը։ Մրցակցի ֆուտբոլիստները անհանգստացնում էին նաև մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովին, սակայն մինչ խաղակեսի ավարտը նրանց չհաջողվեց հավասարեցնել հաշիվը, ու թիմերը հանդերձարան գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը նույնպես ակտիվ մեկնարկեց։ Գրոհներն ավելի սուր էին, պահերն էլ՝ իրական։ Մեր տղաները լավ հանարավորություններ ունեին կրկնապատկելու իրենց առավելությունը։ Դրվագներից մեկում Օլեգ Պոլյակովի՝ եզրից կատարած փոխանցումից հետո Նարեկ Գրիգորյանին շատ քիչ չհերիքեց, որպեսզի եզրափակեր հարվածն ու գնդակն ուղարկեր ցանցի անպաշտպան մնացած անկյունը։ Այսպիսի անհաջող փորձերից «Նոան» չօգտվել չէր կարող․ լավ փոխանցում ստանալուց հետո Ադամս Ֆրայդեյը, ձախ եզրից կենտրոն տեղափոխվելով, հարվածեց ու գրավեց մեր թիմի դարպասը։ 1-1 հաշվի պայմաններում Գունկոյի տղաներն այլևս իրավունք չունեին ճիշտ չօգտագործելու ստեղծած պահերը։ 73-րդ րոպեին դաշտի խորքից ստացած փոխանցումից հետո Օլեգ Պոլյակովը գտավ Մարկոս Ժունիորին, որը մոտ տարածությունից 2-րդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը՝ խփելով իր 2-րդ գոլը մեր թիմի կազմում, ինչպես նաև դառնալով գոլային փոխանցման հեղինակ արդեն երրորդ գոլի ժամանակ։ Մարկոսի փոխանցումն էլ գեղեցիկ գոլով եզրափակեց Դմիտրո Խլյոբասը՝ խփած գնդակների թվով կրկին հավասարվելով Մաքսիմ Մայրովիչին։

Այսպիսով, «Ուրարտուն» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պահպանելով առաջատարի իր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ տուրը մեր տղաների համար արտագնա է։ Հոկտեմբերի 29-ին Վայքի «Արևիկ» մարզադաշտում կհանդիպենք «Լեռնային Արցախին»։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 3-1

1-0 Մաքսիմ Մայրովիչ (10') 1-1 Ադամս Ֆրայդեյ (69') 2-1 Մարկոս Ժունիոր (73') 3-1 Դմիտրո Խլյոբաս (86')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 27․ Դավիթ Խուրցիձե (67․ Վադիմ Պարամոնով 79'), 4․ Եվհենի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան,  9․ Նարեկ Աղասարյան, 10․ Կարեն Մելքոնյան, 19․ Սերգեյ Մկրտչյան (33․ Մարկոս Ժունիոր 46'), 8․ Ուգոչուկվու Իվու, 10․ Կարեն Մելքոնյան (2․ Նանա Անտվի 90'), 21․ Նարեկ Գրիգորյան (13․ Դմիտրո Խլյոբաս 72'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (90․ Օլեգ Պոլյակով 46')։

Պահեստայիններ՝ 24 Արսեն Բեգլարյան, 2 Նանա Անտվի, 25 Էդգար Գրիգորյան, 34 Էրիկ Փիլոյան, 36 Խարիտոն Այվազյան, 67 Վադիմ Պարամոնով, 29․ Համլետ Սարգսյան, 33․ Մարկոս Ժունիոր, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս։ 

«ՆՈԱ»․ 77․ Վարդան Շահատունի, 6․ Հայկ Մուսախանյան (26․ Արսեն Հայրապետյան 65'), 8․ Դրամանե Աալու (10․ Արմեն Նահապետյան 86'), 18․ Էբենեզեր Օկեզիեն, 17․ Ադամս Ֆրայդեյ, 5․ Նորայր Նիկողոսյան, 23․ Հայկ Ղևոնդյան (22․ Ռուբեն Եսայան 65'), 9․ Լևոն Վարդանյան (7․ Կարեն Նալբանդյան 65'), 3․ Կարեն Մուրադյան․ 13․ Ռոբերտ Բաղրամյան, 28․ Կիմ Յեոնսեունգ (21․ Պատվական Ավետիսյան 72')։

Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 99․ Հարություն Մելքոնյան, 10․ Արմեն Նահապետյան, 20․ Պետրոս Աֆաջանյան, 94․ Արման Խաչատրյան, 25․ Արթուր Դանիելյան, 97․ Ալեքսանդր Նեստերով, 33․ Վահագն Հայրապետյան, 7․ Կարեն Նալբանդյան, 21․ Պատվական Ավետիսյան, 22․ Ռուբեն Եսայան, 26․ Արսեն Հայրապետյան։