Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿԿՐԻ ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

25/10/2022

«Ուրարտուի» ակադեմիան անվանափոխվել է ու այսուհետ կկրի ակումբի մանկապատանեկան դպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդվարդ Գրիգորյանի անունը։

Գրիգորյանը հանդես է եկել Երևանի «Դինամոյի» փոխարինող թիմի կազմում։ 1952թ․ մարզչական աշխատանքի է անցել մայրաքաղաքի ֆուտբոլի նորաբաց դպրոցում (հետագայում՝ հանրապետական), գլխավորել է Հայաստանի պատանեկան հավաքականը, իսկ 1959-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ 1967թ․ ստանձնել է Երևանի «Արարատի» ղեկավարությունը, իսկ 1968-72թթ եղել է այս թիմի պետ և իր ներդրումն է ունեցել նրա 1971թ․ «արծաթե» հաջողությունում։ 1976թ․ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի հետ մեկտեղ ղեկավարել է նաև օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանը (գիշերօթիկ մարզադպրոց)։ Նրա օրոք բուռն զարգացում ապրեց հայկական պատանեկան ֆուտբոլը և բարձր ցուցանիշների հասավ համամիութենական մրցասպարեզում։ Էդվարդ Գրիգորյանն արժանացել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման։ ՍՄԿԿ անդամ է, Հանրապետության վաստակավոր մարզիչ։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի արձանների, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրու հետ միասին տեղադրվեց նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն  Էդվարդ Գրիգորյանի կիսանդրին։

Հավելենք նաև, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության նորաբաց թանգարանում կա նաեև Էդվարդ Գրիգորյանին նվիրված անկյուն, որը պատմում է նրա կենսագրության ու վաստակի մասին։

Էդվարդ Գրիգորյանի կենսագրությանը մանրամասն կարող եք ծանոթանալ նաև այստեղ։