Not Selected

2022 ԹՎԱԿԱՆՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

15/12/2022

«Ուրարտուն» ձմեռային հանգստի մեկնեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի աշնանային հատվածում գրանցած լավագույն արդյունքով։ Առաջարկում ենք վերհիշել կարևորագույն իրադարձությունները, որոնք կատարվեցին անցնող 2022-ին։ 

ՆՈՐ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲ ՈՒ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ

2021/22 մրցաշրջանի ավարտից հետո, որն «Ուրարտուն» եզրափակեց 5-րդ հորիզոնականում, թիմի ղեկն այլ մասնագետ ստանձնեց։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտ Արզումանյանին փոխարինման եկավ հայկական ֆուտբոլում մինչ այդ էլ փորձ ունեցող ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, որը նախկինում մարզել էր «Նոա» (2020/21թթ), ապա՝ «Արարատ-Արմենիա» (2021/22թթ) ակումբները։ Գունկոն կատարեց իր փոփոխությունները՝ 6 ֆուտբոլիստ համալրեց «Ուրարտուի» շարքերն ու թիմը նորացված կազմով սկսեց ելույթները նոր մրցաշրջանում։

2022/23 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՋՈՂ ՀԱՏՎԱԾԸ

Առաջնության առաջին շրջանում երկու պարտություն և մեկ ոչ-ոքի գրանցած թիմը երկրորդ շրջանում արդեն անդրդվելի էր․ բոլոր հանդիպումներն անցկացրեց գրեթե առանց միավորների կորստի (կրկին 1 ոչ-ոքի՝ «Ալաշկերտի» հետ): Այսպիսով, Գունկոյի տղաները 14 հանդիպումների անպարտելի շարքերի նշաձող սահմանեցին, որը, ցավոք, ընդհատվեց 19-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղով։

Արդյունքում, մեր թիմին հաջողվեց 37 անգամ գրավել մրցակիցների դարպասը, 15 գնդակ ընդունել սեփական դարպասը՝ ընդհանուր առմամբ անցկացրած 20 խաղում վաստակած միավորների թիվը հասցնելով 47-ի, ինչը բավարար էր մրցաշարային աղյուսակը գլխավորելու համար, և 4 միավորով շրջանցեց հետապնդող «Արարատ-Արմենիային»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

«Ուրարտուն» կրկին լավ հնարավորություն ունի պայքարելու նաև գավաթի խաղարկությունում հաղթող դառնալու համար։ Fastex Հայաստանի գավաթի 2022/23 մրցաշրջանում մեր թիմն իր ելույթները սկսեց միանգամից քառորդ եզրափակչից, որտեղ վիճակահանության արդյունքում նրան բաժին հասավ «Արարատ-Արմենիան»։ Հաղթողն ու կիսաեզրափակչի մասնակիցը որոշվելու էր 1 խաղով։ «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ առավելության հասավ 4-0 հաշվով՝ ապահովելով տեղը կիսաեզրափակչում, որտեղ էլ կմրցի «Գանձասարի» հետ։

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում  առավելագույն թվով հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներն են Ուգոչուկվու Իվուն (1774 րոպե) և Նարեկ Գրիգորյանը (1167 րոպե), որոնք մասնակցել են բոլոր 21 խաղերին (ներառյալ՝ գավաթային հանդիպումը), 1 խաղ պակաս են անցկացրել Ժիրայր Մարգարյանն (1639 րոպե) ու Սերգեյ Մկրտչյանը (1004 րոպե), 19-ական հանդիպման էլ մասնակցել են Արման Ղազարյանը (1519 րոպե), Օլեգ Պոլյակովը (1164 րոպե), Մաքսիմ Մայրովիչը (1104 րոպե) և Նարեկ Աղասարյանը (1005 րոպե):

Թիմի գոլահարը հարձակվող Դմիտրո Խլյոբասն է՝ 7 գոլով։ 1 գոլով նրան զիջում է Մաքսիմ Մայրովիչը, իսկ եռյակը եզրափակում է Մարկոս Ժունիորը՝ խփած 4 գնդակով։ Կարևորագույն փաստերից մեկը․ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում 3 հեթ-տրիկ է գրանցվել՝ 3-ն էլ մեր ֆուտբոլիստների՝ Դմիտրո Խլյոբասի, Մաքսիմ Մայրովիչի, Նարեկ Գրիգորյանի կատարմամբ։ Նրանց բոլորին այս ցուցանիշը գրանցել հաջողվել է կարիերայում առաջին անգամ։

Գոլային փոխանցումներով ամենից շատ աչքի ընկած ֆուտբոլիստներն են Մարկոս Ժունիորը, Կարեն Մելքոնյանը, Նարեկ Աղասարյանը և Նանա Անտվին․ բոլորը 4-ական արդյունավետ փոխանցում են կատարել։

ՀՐԱՎԵՐՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ

2022 թվականին Ազգերի լիգայի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել մեր ակումբի 5 ֆուտբոլիստներ՝ Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը, Նարեկ Գրիգորյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Արման Ղազարյանը։ Վերջին երկուսը հավաքականի ճամբարը համալրեցին առաջին անգամ։ Մկրտչյանն իր նորամուտը նշեց Կոսովոյի, իսկ Ղազարյանը՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղերում։

Այսպիսով, առաջատարի կարգավիճակում ու նոր հաղթանակների սպասումով Գունկոյի «Ուրարտուն» գնաց ձմեռային հանգստի։