Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՏՂԱՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՅՍ ԽԱՂԸ՝ ԻՐԵՆՑ ՄԵՋ ՈՒԺ ԳՏՆԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ»

11/05/2022

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0), մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն իր կարծիքն է հայտնել խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ կարևոր էր այսօրվա հաղթանակը, քանի որ տեսականորեն հնարավորություն ունենք բարձրանալու մրցաշարային աղյուսակում, բացի այդ, գավաթի ծանր հանդիպումից ու պարտությունից հետո պետք էր՝ բնավորություն ու մեր թիմային ֆուտբոլը ցույց տայինք։ Կարծում եմ՝ այդքան էլ լիարժեք չստացվեց՝ էմոցիաների բացակայության պատճառով, քանի որ կրկնակի բարդ է, երբ պարտությունից հետո ես խաղ անցկացնում։ Շնորհակալ եմ տղաներից, նրանք այս խաղը հաղթեցին՝ իրենց մեջ ուժ գտնելու շնորհիվ»։

ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ՀԵՏՈ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

«Դժվար է նման դեպքերում մոտիվացնել, բայց մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են, հասկանում են յուրաքանչյուր խաղի կարևորությունը, նրանք ունեն ներքին մոտիվացիա, կարծում եմ՝ խաղն էլ, մարզումներն էլ նրանց համար մոտիվացիա են, և ոչինչ չպետք է ազդի դրա բացակայության վրա»։

ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍԻ ԽԱՂԻ ՈՒ ՈՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նրա դիրքում մեզ մոտ մրցակցությունը մեծ է, ունենք շատ հարձակվողներ։ Խլյոբասը վնասվածք ուներ, վերջերս է վերադարձել մարզումներին, դրա համար ավելի քիչ խաղաժամանակ է ստանում։ Նա որակապես լավ ֆուտբոլիստ է, մեզ միանալուց առաջ նա վերջին անգամ խաղացել էր աշնանը, իսկ մարտ ամսին եկավ թիմ, կամաց-կամաց մարզավիճակ հավաքեց։ Նման դեպքում տրանսֆերը գնահատել չեմ կարող, միայն կասեմ, որ լավ ֆուտբոլիստ է»։