Not Selected

ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՄԻԿԱՅԻՆ»

19/08/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս 3-2 հաշվով զիջեց «Միկային»։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Հարություն Ստեփանյանն ու Արթուր Թալասյանը, իսկ տանտերերից աչքի ընկան Նորիկի Ակադան, Հենրիկ Մաթևոսյանն ու Հմայակ Ալեքսանյանը։

Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկ ունեցավ։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները առանց մրցակցին հնարավորություն տալու գրոհում էին ու կարողանում նաև հարվածներ կատարել նախորդ մրցաշրջանն «Ուրարտու-2»-ի կազմում անցկացրած Լևոն Տեր-Մինասյանի պաշտպանած դարպասին, սակայն այդ հարվածները կամ շեղ, կամ էլ բարձր էին ընթանում։ «Միկայի» պահերն էլ հակագրոհների արդյունքում էին ստեղծվում, սակայն իրենցից մեծ մասամբ վտանգ չէին ներկայացնում, իսկ որոշ դեպքերում խաղին միջամտում էր մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանը։ Մեր տղաների հերթական առաջխաղացումը հանդիպման 16-րդ րոպեին ավարտվեց գոլով։ Հաշիվը բացեց Հարություն Ստեփանյանը։ 10 րոպե անց նախ մեր պաշտպանի, ապա դարպասապահի թույլ տված սխալներից հետո մրցակցի ֆուտբոլիստ Նորիկի Ակադան մեն-մենակ մնաց դարպասի դիմաց ու հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Մինչ ընդմիջումը Հարություն Ստեփանյանը ևս մեկ անգամ աչքի ընկնելու հնարավորություն ուներ, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Այսպիսով, առաջին խաղակեսն ավարտվեց հավասար հաշվով։

Երկրորդ խաղակեսն առավել ակտիվ սկսեցին տանտերերը։ «Միկան» մի քանի վտանգավոր պահ ունեցավ մինչ դրանցից մեկն իր նպատակին հասցնելը։ Գրեթե դաշտի միջին գծից փոխանցում ստանալուց հետո Հենրիկ Մաթևոսյանը առաջ մղեց իր թիմին։ Նրանց երրորդ գոլը ևս չուշացավ։ Անկյունայինի խաղարկումից հետո վրա հասած Հմայակ Ալեքսանյանը հեռվից գրավեց մեր դարպասն ու մեծացրեց թիմի առավելությունը։
Նման հաշվի դեպքում մեր տղաները սկսեցին ավելի ագրեսիվ գործել։ Խաղի վերջնամասում մրցակցի ֆուտբոլիստը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանայինում Հարություն Ստեփանյանի նկատմամբ, որից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Միկայի» դարպասին, որն իրացրեց հենց Ստեփանյանը, սակայն հարվածից հետո գնդակը հետ մղեց Լևոն Տեր-Մինասյանը, իսկ երկրորդ փորձից դարպասը գրավել հաջողվեց Արթուր Թալասյանին։ Այլ գոլեր մինչ խաղի ավարտը չտեսանք․ «Միկա» - «Ուրարտու-2»՝ 3-2։

«ՄԻԿԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-2

0-1 Հարություն Ստեփանյան (16') 1-1 Նորիկի Ակադա (26'), 2-1 Հենրիկ Մաթևոսյան (61'), 3-1 Հմայակ Ալեքսանյան (75'), 3-2 Արթուր Թալասյան (90+1')

«ՄԻԿԱ»․ 77. Լևոն Տեր-Մինասյան, 11. Հայկ Գալստյան (ա) (25. Միքայել Միրզոյան 88'), 4. Հայկ Բաղյան, 20. Հենրիկ Մաթևոսյան, 24. Հմայակ Ալեքսանյան, 3. Վահե Սահակյան (21. Էդմոնդ Սիմոնյան 68'), 6. Արտյոմ Դաբաղյան, 22. Անդրանիկ Կարապետյան, 18. Հայատա Ֆուկույամա, 9. Նորիկի Ակադա (10. Էրիկ Անանյան 68'), 17. Նարեկ Սարգսյան։

Պահեստայիններ՝  1. Արսեն Չաթոյան, 15. Արմեն Խաչատրյան, 21. Էդմոնդ Սիմոնյան, 10. Էրիկ Անանյան, 16. Հովհաննես Գևորգյան, 25. Միքայել Միրզոյան, 5. Յուրի Խաչատրյան, 7. Էդգար Մանուկյան, 14. Ալյոշա Խաչատրյան, 2. Լևոն Դոնագանյան, 26. Բորիս Մխիթարյան։  

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 39․ Նարեկ Դավթյան, 6. Էրիկ Ամիրխանյան (70․ Արման Մարտիրոսյան 62'), 27․ Գառնիկ Մինասյան, 26․ Կարեն Գալստյան, 77․ Ալիկ Մկրտչյան,  14․ Դավիթ Հարությունյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 7․ Հայկ Ղազարյան (23․ Լևոն Բաշոյան 83'), 21․ Հարություն Ստեփանյան, 24․ Գոռ Վանոյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 70․ Արման Մարտիրոսյան, 2․ Արթուր Մելիքյան, 5․ Արթուր Թալասյան, 23․ Լևոն Բաշոյան, 19․ Կարեն Թալասյան։