Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ՆՈԱՅԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

20/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուի» մրցակիցը «Նոան» էր։ Արմավիրում կայացած խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 0-6 հաշվով։ «Ուրարտուից» հեթ-տրիկ ձևակերպեց Դմիտրո Խլյոբասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Օլեգ Պոլյակովը, Լեոն Սաբուան և Մաքսիմ Մայրովիչը։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տուրի խաղում «Ուրարտուն» առաջին պարտությունը գրանցեց ընթացիկ մրցաշրջանում՝ նվազագույն հաշվով զիջելով «Վանին»։ Այս խաղին մեր տղաները մոտեցել էին իրենց օգտին ունեցած 6 միավորով, իսկ «Նոան» առաջնության մեկնարկից 1 միավոր էր վաստակել՝ նախորդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ պայքարն ավարտելով 2-2 հաշվով։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԵՐ ԿԱԶՄՈՒՄ
Նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով այսօր մեր կազմից բացակայում էր Վադիմ Պարամոնովը։ Դմիտրի Գունկոն նաև այս խաղում առաջին անգամ մեկնարկային կազմում էր ընդգրկել թիմի նորեկ Մարկոս Ժունիորին։

ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ
Խաղի մեկնարկից բավական բաց ֆուտբոլ տեսանք, իսկ նախաձեռնությանն ամենասկզբից տիրում էին մեր տղաները։ Վտանգավոր պահերի ու դարպասին կատարած հարվածների պակաս մեր թիմի կողմից գրեթե չէինք զգում, միայն ուշանում էր դարպասի գրավումը։ Հաշիվը բացելուն մոտ էին թե՛ Սերգեյ Մկրտչյանը, թե՛ Նարեկ Գրիգորյանը։ Խաղակեսի միջնամասում «Ուրարտուն» վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց, սակայն Ժիրայր Մարգարյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Շատ չանցած՝ տանտերերը լավ հնարավորություն ունեին գոլ խփելու, սակայն գնդակին հասավ Արման Ղազարյանն ու թույլ չտվեց մրցակցի ֆուտբոլիստին մեն-մենակ դուրս գալ Արսեն Բեգլարյանի դիմաց։ Իսկ հանդիպման 32-րդ րոպեին դիրքային հերթական գրոհի արդյունքում Օլեգ Պոլյակովի առաջխաղացումն ավարտվեց դարպասի գրավումով։ Ռուս ֆուտբոլիստն իր անվան դիմաց 2-րդ գոլը գրանցեց այս մրցաշրջանում։ Բայց մինչ ընդմիջման գնալը Գունկոյի տղաները ևս մեկ անգամ գրավեցին «Ուրարտուի» նախկին դարպասապահի՝ Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը։ Հենց նրա սխալից հետո Լեոն Սաբուան սառնասրտորեն խփեց թիմի երկրորդ գնդակը։ Թիմերը հանդերձարան գնացին մեր՝ երկու գնդակի առավելությամբ։

ՎՍՏԱՀ ՈՒ ԳՈԼԱՌԱՏ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ ՄԵՐ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Երկրորդ խաղակեսը իր պահերով չէր զիջում առաջինին: Դաշտի տերերը փորձում էին գոնե մեկ գնդակ հետ գրավել, իսկ մեր ֆուտբոլիստները՝ ավելացնել իրենց առավելությունը։ 52-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Ռուբեն Եսայանը հիանալի հնարավորություն ուներ բացելու հաշիվը, սակայն նախ Բեգլարյանը հեռացրեց գնդակը, իսկ հետո այն դիպավ դարպասաձողին։

Հանդիպման 70-րդ րոպեից մեր տղաները ասես նոր թափ հավաքեցին։ Խաղադաշտ մտան Դմիտրո Խլյոբասն ու Նարեկ Աղասարյանը։ Նույն րոպեին Օլեգ Պոլյակովի հիանալի փոխանցումն ստանալուց հետո 3-րդ գոլը խփեց կրկին փոխարինման մտած Մաքսիմ Մայրովիչը։ Այնուհետև եկավ Դմիտրո Խլյոբասի աստղային ժամը։ Ֆուտբոլիստը հեթ-տրիկ ձևակերպեց աչքի ընկելով 76-րդ, 77-րդ և 81-րդ րոպեներին։ Խաղի վերջին րոպեներին էլ տանտերերը ազատ հարվածի իրավունք վաստակեցին, սակայն չհաջողվեց գոնե 1 անգամ գրավել մեր դարպասը։ «Նոային» այլ բան չէր մնում, քան սպասել, մինչ ավարտվեր հանդիպումը։

Հավելենք, որ մեր թիմը հաջորդ տուրում կհյուրընկալի «Լեռնային Արցախին»։ Սեպտեմբերի 28-ին հանդիպումը «Ուրարտու» մարզաբազայում կմեկնարկի 20:30-ին։ 

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-6

0-1 Օլեգ Պոլյակով (32'), 0-2 Լեոն Սաբուա (44'), 0-3 Մաքսիմ Մայրովիչ (70'), 0-4 Դմիտրո Խլյոբաս (76'), 0-5 Դմիտրո Խլյոբաս (77'), 0-6 Դմիտրո Խլյոբաս (81'):

«ՆՈԱ»․ 96. Անատոլի Այվազով, 8. Դրամանե Սալու, 17. Ադամս Ֆրայդեյ, 94. Արման Խաչատրյան, 25. Արթուր Դանիելյան, 8. Ալեքսանդր Նեստերով, 33. Վահագն Հայրապետյան, 5. Նորայր Նիկողոսյան, 21. Պատվական Ավետիսյան (7. Աշոտ Ադամյան 46'), 9. Լևոն Վարդանյան, 3. Կարեն Մուրադյան, 22. Ռուբեն Եսայան (28. Կիմ Յեոնսեունգ 75')։

Պահեստայիններ՝  1. Հարություն Մելքոնյան, 32. Վարդան Շահատունի, 19. Աշոտ Ադամյան, 20. Պետրոս Աֆաջանյան, 6. Հայկ Մուսախանյան, 7. Կարեն Նալբանդյան, , 32. Ռուբեն Հովսեփյան,  23. Հայկ Ղևոնդյան, 13. Ռոբերտ Բաղրամյան, 27. Սամվել Հակոբյան, 28. Կիմ Յեոնսեունգ:

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36. Խարիտոն Այվազյան, 30. Էվերսոն Պերեյրա, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 19. Սերգեյ Մկրտչյան (15. Մաքսիմ Մայրովիչ 46'), 8. Ուգոչուկվու Իվու, 33. Մարկոս Ժունիոր (9. Նարեկ Աղասարյան 70'), 21. Նարեկ Գրիգորյան (10. Կարեն Մելքոնյան 46'), 18. Լեոն Սաբուա (13. Դմիտրո Խլյոբաս 70'), 90. Օլեգ Պոլյակով։ 

Պահեստայիններ՝ 42. Ալեքսանդր Մելիխով, 5. Եվգենի Նազարով, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 9. Նարեկ Աղասարյան, 17. Տիգրան Այունց, 20. Գոռ Լուլուկյան, 10. Կարեն Մելքոնյան, 13. Դմիտրո Խլյոբաս, 15. Մաքսիմ Մայրովիչ։