Not Selected

ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑԻՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

28/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգաի 5-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունել էր առաջնության նորեկ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբին։ Հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Կարեն Մելքոնյանն ու Ժիրայր Մարգարյանը, «Լեռնային Արցախից» աչքի ընկավ Խուան Պալասիոն, և երկու ինքնագոլի հեղինակ դարձավ Ժիրայր Մարգարյանը։

Հանդիպումը մեկնարկեց վերջերս Եվրոպայի առաջնությանը մասնակցած հայ մարմնամարզիկների՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանի, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Բաղդասարյանի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանի խորհրդանշական հարվածով։

Խաղակեսի առաջին րոպեները շատ լարված ստացվեցին, Ժիրայր Մարգարյանի անհաջող հարվածից հետո, որը հեշտությամբ որսաց հյուրերի դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը, հակագրոհի արդյունքում «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներն արդեն բացեցին հանդիպման հաշիվը։ 7-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Պալասիոն։ Բաց թողած գոլից հետո մեր տղաները սկսեցին ավելի մեծ ճնշում գործադրել մրցակիցի վրա։ Արդյունքում, 15-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։ Մեր տղաների ճնշումն ու բազմաթիվ դիրքային գրոհները սկսեցին արդյունք տալ։ 26-րդ րոպեին գնդակի անթերի խաղարկումից հետո Ժիրայր Մարգարյանը նախ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, սակայն պաշտպաններից գնդակի անդրադարձից հետո մեր թիմի ավագը կրկին առաջ շարժվեց ու այս անգամ որոշեց հարվածել՝ հաշիվը դարձնելով 2-0: Հատկանշական է, որ սա Մարգարյանի առաջին գոլն էր մեր թիմի  կազմում։

Մինչ խաղակեսի ավարտը մեր տղաները չէին թողնում մրցակցին հանգստանալ՝ անընդհատ ստիպելով նրանց նահանջել սեփական տուգանային հրապարակ։ Հյուրերն էլ իրենց հերթին պահեր ունենում էին, բայց դրանցից օգտվել չէին կարողանում։ Թիմերն ընդմիջման գնացին 2-1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը շարունակեց առաջինի սցենարը, պայքարը խաղադաշտում շարունակական էր։ Նշենք, որ ավելի շատ վտանգավոր պահերի էինք ականատես լինում մեր թիմի կողմից. 64-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում չեզոքացվեց մեր խաղացողների միանգամից երեք գրոհ։ Սակայն ֆուտբոլի չգրված օրենքի համաձայն՝ «չես խփում դու, խփում են քեզ»՝ 71-րդ րոպեին մրցակցի գրոհի ժամանակ գնդակն անդրադարձի հետևանքով հայտնվեց մեր դարպասում։ 9 րոպե անց մեր ֆուտբոլիստները թույլ տվեցին հերթական սխալը․ երկրորդ ինքնագոլի հեղինակը դարձավ Ժիրայր Մարգարանը։ Խաղը փրկել մեր տղաներին չհաջողվեց, արդյունքում, կրեցինք այս մրցաշրջանի երկրորդ պարտությունը՝ 2-3։ Հանդիպման վերջին 10 րոպեներին էլ խաղադաշտ մտավ նաև թիմի նորեկ Դեյվիդի Բույուն, բայց որևէ բան փոխել խաղի մեջ չհաջողվեց։

Հավելենք, որ հաջորդ խաղն «Ուրարտուն» կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 2-3

0-1 Խուան Պալասիո (7'), 1-1 Կարեն Մելքոնյան (15'), 2-1 Ժիրայր Մարգարյան (26'), 2-2 Ժիրայր Մարգարյան (71' ԻԳ) 2-3 Ժիրայր Մարգարյան (80' ԻԳ):

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36․ Խարիտոն Այվազյան, 30․ Էվերսոն Պերեյրա, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 33․ Մարկոս Ժունիոր (9․ Նարեկ Աղասարյան 72'), 21․ Նարեկ Գրիգորյան, 10․ Կարեն Մելքոնյան (15․ Մաքսիմ Մայրովիչ 60'), 90․ Օլեգ Պոլյակով (19․ Սերգեյ Մկրտչյան 72'), 18․ Լեոն Սաբուա (38․ Դեյվիդի Բույու 81')։ 

Պահեստայիններ՝ 42. Ալեքսանդր Մելիխով, 67․ Վադիմ Պարամոնով, 34. Էրիկ Փիլոյան, 25. Էդգար Գրիգորյան,  29․ Համլետ Սարգսյան, 28․ Դավիթ Ղիասյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 17. Տիգրան Այունց, 9․ Նարեկ Աղասարյան, 20. Գոռ Լուլուկյան, 38․ Դեյվիդի Բույու, 15․ Մաքսիմ Մայրովիչ։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 23. Վյաչեսլավ Գրիգորյան, 6․ Արամ Կոստանդյան (ա), 7․ Նորիկ Մկրտչյան (99․ Օլաոլուվա Օջետունդե 59'), 15․ Արթուր Խաչատրյան, 66․ Խուան Պալասիո (17․ Արարատ Չիլինգարյան 59'), 27․ Աբաբակար Սոու, 11․ Յեիսոն Ռասինես (77․ Մարվին Պերեա 72'), 10․ Նթոնե Վալդո, 3․ Բոբ Տոբի Ժոպե, 31․ Վլադիմիր Խարատյան, 20․ Սիմոն Օբոնդե։ 

Պահեստայիններ՝ 1․ Սերգեյ Ասրյան, 13․ Արման Հարությունյան, 2․ Մարատ Կարապետյան, 33․ Արամայիս Մարդիյան, 17․ Արարատ Չիլինգարյան, 8․ Տիգրան Սիմոնյան, 9․ Արսեն Հովհաննիսյան, 5․ Գոռ Պողոսյան, 21․ Վադիմ Հայրիյան, 77․ Մարվին Պերեա, 99․ Օլաոլուվա Օջետունդե, 12․ Միքայել Պեպրահ, 29․ Դանիել Պալոմեռա։