Not Selected

ԿԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ․ «ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐԻՆ ՈՒ ՎԱՍՏԱԿԵՑԻՆՔ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ»

29/09/2022

«Ուրարտու-2»-ի ավագ Կարեն Գալստյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ 10-րդ տուրի՝ «Շիրակ-2»-ի հետ խաղում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․

«ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպումը անկեղծ ասած բարդ ստացվեց, ընդհանուր առմամբ նախաձեռնությունը մերն էր, ու շատ դրվագներում մենք էինք վերահսկում խաղը, շատ պահեր էինք ստեղծում, սակայն ինչ-ինչ պատճառներով եզրափակումները չէին ստացվում, դրա համար գոլ չէր ստացվում խփել խաղի ընթացքում։ Կարող եմ ասել, որ շատ լավ պայքարեցինք, հավատում էինք մեր ուժերին, արդյունքում կարողացանք շատ կարևոր 3 միավոր վաստակել»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ հաղթական գոլի հեղինակ դարձա, ճիշտն ասած, այդ պահին կռահում էի, որ փոխանցումը դեպի հեռու անկյունն է լինելու, կամ էլ ներքին ձայնս օգնեց, ու կարողացանք այդ սպասված գոլը խփել։ Չէի ասի, որ իմ լավագույն մարզավիճակում եմ գտնվում, բայց հավաքում եմ ու օր օրի փորձում ավելի բարելավել»։

ԹԻՄԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմը շատ լավ մարզավիճակ է հավաքել միջազգային դադարի ընթացքում, բավական խիտ գրաֆիկով ու բարձր մակարդակի մարզումներ ենք անցկացրել, ինչը այսօր էլ օգնեց մեզ, ուժ ու էներգիա ունեինք, կարծում եմ՝ դա երևաց խաղադաշտում։ Առաջիկա խաղերում էլ նպատակը մեկն է լինելու՝ հաղթելը, դրա համար ամեն ինչ կանենք ու կփորձենք արդյունքի հասնել»։