Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ․ «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄՆ Է, ԻՆՉՆ ԱԿՆԿԱԼԵԼՈՒ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ»

13/01/2023

«Ուրարտու-2»-ը սկսել է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին։ Թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը պատմել է առաջիկա անելիքների, թիմից ակնկալիքների և այլնի մասին․ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՈՒ ՄԱՐԶՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մրցաշրջանի սկզբում ես գլխավորեցի «Ուրարտու-2»-ը, իհարկե, նոր մարտահրավեր էր, նոր դժվարություններ, բայց որքան դժվար, այդքան՝ ավելի հետաքրքիր, այնպես որ աշխատում ենք։ Ֆուտբոլիստի կարիերայից հետո սկսեցի մարզչի աշխատանքը, ամբողջովին տարբեր են, տարբեր ծավալի աշխատանքներով ու այլ պատասխանատվությամբ։ Ֆուտբոլիստի փորձն, իհարկե, օգնում է ինձ, որովհետև այս ճանապարհը ես արդեն անցել եմ, որոշ բաներ տեսել եմ տարբեր թիմերում, տարբեր մարզիչների հետ, ուստի կարծում եմ, որ այն ինձ օգնում է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նման մեծ ակադեմիա ունենք, շատ սաներ ունենք, և այդ երիտասարդացումն այն է, ինչը հետաքրքիր է ինձ, ինչ ես ուզում եմ անել, երեխաները պետք է հասկանան՝ ուր և ինչին են ձգտում, ինչի համար են իրենք մեր ակադեմիայում, ուր պետք է գնան։ Պետք է ունենան որոշակի նպատակներ, երազանքներ ու նրանց պետք է օգնենք։

Ցանկացած պարագայում սկսեցինք նոր էջից, փոխեցինք ու ավելի երիտասարդեցրինք թիմի կազմը, դրա համար որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի նրանք էլ հասկանային մեր պահանջները, որպեսզի հասկանային, որ սա անցում է մանկապատանեկան ֆուտբոլից ավելի հասուն մակարդակի, ամեն ինչի համար ժամանակ է պետք։

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՎԱՔԻ ՈՒ ԹԻՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք ունենալու ենք հավաքներ ինչպես սեփական մարզաբազայում, այնպես էլ նախատեսում ենք արտասահմանյան հավաք անցկացնել։

Երկրորդ շրջանում թիմից սպասում ենք անձնուրացություն ու ինքնանվիրում, դա նախևառաջ և՛ իմ ցանկությունն է, և՛ մեր ամբողջ մարզչական շտաբի, որպեսզի նրանք դրսևորեն իրենց ու ձգտեն հասնել ավելի բարձր մակարդակի։