Not Selected

10 ՀՈԳՈՎ ԶԻՋԵՑԻՆՔ «ՇԻՐԱԿԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹՈՒՄ

07/10/2023

Հայաստանի Սուպերգավաթի խաղում գործող գավաթակիր և չեմպիոն «Ուրարտուն» ուժերը չափեց Գյումրիի «Շիրակի» հետ։ Հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որի ժամանակ գյումրեցիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ 6-5։ 

Հանդիպումը մեկնարկեց դինամիկ պայքարով: Գնդակը հիմնականում չէր մնում կենտրոնում, թիմերը գրոհները զարգացնում էին եզրերով: Հենց այդպիսի գրոհներից մեկն էլ ավարտվեց վտանգավոր հարվածով: Ձախ եզրից եկած գնդակը հասավ Ռաֆիկ Միսակյանին, որն էլ հարված կատարեց, սակայն Ալեքսանդր Մելիխովը երկրորդ փորձից ֆիքսեց գնդակը: Շատ չանցած ակտիվացավ նաև մեր թիմը: 15-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը ձախ եզրով շարժվեց առաջ, շրջանցեց մրցակիցներին ու կենտրոնով հարված կատարեց, սակայն գնդակը մի փոքր բարձր ընթացավ:

21-րդ րոպեին աշխատեց Պրուդնիկով-Ջիկիա զույգը:  Պրուդնիկովն աջ եզրով զարգացրեց գրոհը և փոխանցեց Ջիկիային: Վերջինս տուգանայինի մատույցներից անկասելի հարված կատարեց, սակայն գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: 25-րդ րոպեին մեր թիմը դարձյալ մեծ ճնշում գործադրեց և դուրս եկավ հարվածային դիրք, սակայն Պրուդնիկովը մոտ 10 մետրից բարձր հարվածեց: 36-րդ րոպեին «Ուրարտուն» ևս մեկ անգամ դիմեց հեռահար հարվածի օգնությանը. Դրաման Սալուն մոտ 20 մետրից փորձեց բախտը, սակայն հերթական անգամ գնդակը շեղ ընթացավ: Առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց։ 

Երկրորդ կեսի մեկնարկում պատկերը չփոխվեց. մեր թիմը շարունակում էր մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ: 51-րդ րոպեին «Ուրարտուն» հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն ունեցավ: Աջ եզրում հարվածային դիրք դուրս եկավ Նանան, սակայն առաջին դրվագում մրցակցին փրկեց դարպասապահը, իսկ մի քանի վայրկյան անց Նանան չկարողացավ իրացնել 100 տոկոսանոց գոլային պահը` բարձր հարվածելով անչափ նպաստավոր դիրքից:

Մրցակիցը խաղում էր խորը պաշտպանությունից, սակայն դա չէր խանգարում «Ուրարտուին» սուր պահեր ստեղծել: 64-րդ րոպեին համառություն դրսևորելու շնորհիվ դաշտի դիմային գծից հարված կատարեց Պավել Մոգիլևեցը, բայց դարպադսպահը զգոն էր և փրկեց իր թիմին:

70-րդ րոպեին «Ուրարտուն» չիրացրեց ևս 1 գոլային պահ: Մրցակցի դարպասապահի հետ միայնակ հայտնված Գևորգ Տարախչյանի հարվածը շատ թույլ ստացվեց:
81-րդ րոպեին հերթը փոխարինման մտած Յայա Սանոգոյինն էր. «Ուրարտուի» հարձակվողը գրագետ կասեցրեց գնդակը տուգանային հրապարակում, սակայն հարվածը բարձր ստացվեց:

Հանդիպման հիմնական ժամանանի վերջին րոպեին մրցակցի հակագրոհը կասեցնելու ժամանակ կանոնները խախտեց Դրաման Սալուն: Մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց, որը երկրորդն էր, և Սալուն հեռացվեց դաշտից: Հիմնական ժամանակն ավարտվեց առանց դարպասի գրավման` 0-0:
Լրացուցիչ ժամանակում հիմնականում ընթացավ նյարդային պայքար: Միակ հիշարժան դրվագը գրանցվեց խաղակեսի վերջնամասում, երբ «Ուրարտուն» դիրքային գրոհ անցկացրեց, որն ավարտվեց հարվածով: Գնդակը դիպավ մրցակցի ֆուտբոլիստի ձեռքին, և մրցավարը ձեռքն ուղղեց 11 մետրանոց նշակետը: Կարճ ժամանակ անց, սակայն, նա դիմեց VAR համակարգի օգնությանը և փոխեց իր որոշումը` չեղարկելով 11 մետրանոցը:
Չնայած մրցակիցը քանական առավելություն ուներ, «Ուրարտուն» էր գոլային պահեր ստեղծում: 109-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի սուր փոխանցմանն արձագանքեց Լեոն Սաբուան, սակայն բարդ դիրքից նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Լրացուցիչ ժամանակում էլ թիմերը ոչինչ փոխել չկարողացան, ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որի ժամանակ բախտը ժպտաց շիրակցիներին։ 

«ՇԻՐԱԿ» -

«ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0 (6-5 (11մ))

«ՇԻՐԱԿ». 1. Դարկո Վուկաշինովիչ, 6․ Ռաֆիկ Միսակյան, 3․ Սերգեյ Մանուկյան, 26․ Ալեքսա Վիդիչ, 21․ Դոնալդ Կոդիա, 19․ Մաջիկո Տրաորե, 5․ Հրայր Մկոյան (ա), 99․ Ռոբերտ Դարբինյան, 10․ Դմիտրիե Պոբուլիչ, 4․ Համլետ Մնացականյան, 97․ Եֆրեմ Սեդրիկ Դոհ։

Պահեստայիններ՝ 96․ Սոկտատ Հովհաննիսյան, 18․ Սամվել Ղուկասյան, 7․ Սերյոժա Ուրուշանյան, 9․ Լյովա Մրյան, 15․ Արսեն Սադոյան, 22․ Նարեկ Ջանոյան, 44․ Տիգրան Սումբուլյան, 2․ Հովհաննես Փալևանյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 14․ Սուրեն Ծառուկյան, 8․ Լևոն Դարբինյան, 24․ Արտյոմ Կիբա։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 5․ Դրաման Սալու, 28․ Պավել Մոգիլևեց, 90․ Օլեգ Պոլյակով, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 77․ Թեմուր Ջիկիա, 11․ Գևորգ Տարախչյան։

Պահեստայիններ՝ 31․ Դմիտրի Աբակումով, 1․ Մխիթար Ումրեյան, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 23․ Արաս Օզբիլիզ, 56․ Լևոն Բաշոյան, 18․ Լեոն Սաբուա, 99․ Յայա Սանոգո։