Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

22/11/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը նոյեմբերի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նա հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Օզբիլիզը հանդես եկավ ելույթի խոսքով՝ 

«Տիկնայք և պարոնայք, հարգելի լրագրողներ, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ, ընկերներ․

Այսօր ես հրավիրել եմ ձեզ այստեղ՝ կատարելու կարևոր հայտարարություններ։ Ես ավարտում եմ ֆուտբոլիստի իմ կարիերան։ Ժամանակն է եկել ինձ հրաժեշտ տալու մի սպորտաձևի, որը մշտապես եղել է իմ կյանքում ամենակարևորը, որը եղել է իմ կիրքը և նպատակը։ 4 տարեկանում և սկսեցի զբաղվել ֆուտբոլով, 9 տարեկանում ընդունվեցի աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը՝ «Այաքսի» ակադեմիա։ 2010 թվականին կատարվեց իմ երազանքներից մեկը՝ խաղալ «Այաքսի» հիմնական թիմում, դրանից հետո ինձ հրավիրեցին նաև Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքական, բայց իմ մյուս երազանքն ուներ ուրիշ պլաններ՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ես դրան ևս հասա՝ 2012 թվականի փետրվարի 29-ին, Կիպրոսում նշեցի նորամուտս ազգային հավաքականի կազմում Կանադայի դեմ։ Անմոռանալի օր էր, քանի որ նորամուտիցս զատ մենք հաղթեցինք 3-1 հաշվով, իսկ ես դարձա գոլի հեղինակ։ 

Շատ բարդ եմ եկել այս որոշմանը, բայց ես տխուր չեմ, քանի որ գիտեմ՝ տվել եմ իմ առավելագույնը խաղադաշտում։ 29 տարուց և 8 վիրահատությունից հետո որոշել եմ, որ բավական է։ Ես կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել էր դեռևս 2014 թվականին՝ ծնկիս խաչաձև մկանի երրորդ վնասվածքից հետո։ Ես դրանից հետո կրկին վերադարձա խաղադաշտ, բայց այլևս նույն Արաս Օզբիլիզը չէի։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես կարող էի պատկերացնել։ Այն ինձ սովորեցրել է թիմային աշխատանքի, աշխատասիրության ու այլ արժեքներ, որոնք կօգնեն դիմակայելու հետագա դժվարություններին։ Այս ամենը ինձ թույլ է տվել ներկայացնել ոչ թե մեկ ակումբ, այլ ամբողջ ազգ, ինչի համար ես անսահման շնորհակալ եմ։

Ինձ բախտ է վիճակվել հանդես գալու բարձրակարգ ակումբներում, խաղալու լավագույն ստադիոններում մրցելու լավագույն ֆուտբոլիստների հետ և դեմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, որոնք իմ կողքին են եղել ցանկացած պահի։ Առանձնակի շնորհակալություն եմ ցանկանում հայտնել երկրպագուներին, որոնք իմ կողքին են կանգնել անկախ ամեն ինչից, ես պարտական եմ ձեզ ավելիին, քան կարող եմ ուղղակի արտահայտել բառերով։ Ձեր ուրախությունը եղել է իմ շարժառիթը և ես շնորհակալ եմ ձեր աջակցության համար ինչպես ակումբային մակարդակում, այնպես էլ ազգային հավաքականում։ Մեր հավաքականի մարզաշապիկը կրելը եղել է իմ երազանքը և ես մեծ պատվով եմ դա արել։

Եզրափակելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և քեզ՝ ֆուտբոլ՝ ուրախության, դասերի և ամբողջ կյանքի ընկերների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել այն բոլոր ակումբները, որոնց կազմում հանդես եմ եկել, անասելի հպարտ եմ, որ կրել եմ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը և ներկայացրել հայոց եռագույնը շատուշատ խաղերում։ Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց վստահ եմ՝ մի նոր և հետաքրքիր ճանապարհի սկիզբ»։

Արասն այնուհետև պատասխանեց նաև լրագրողների հարցերին

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ և ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ չեմ խաղացել Թուրքիայում, մարզիչն ասաց, որ չեմ հասել պոտենցիալիս լիակատար պիկին, կարող էի ավելի բարձր մակարդակով խաղալ: Այդքան վնասվածքիներից հետո մարդը սկսում է ուրիշ ձև մտածել:

Ամեն դեպքում, ես այնտեղ բան չեմ զգացել: Եթե չեմ սխալվում մոտ 21 եկեղեցի կա Ստամբուլում: Եթե ուրիշ քաղաք լիներ, գուցե, այլ ոոշում կկայացնեի: Ամեն ինչ լավ էր, ես այլ բան չեմ զգացել որևէ մեկի կողմից»:

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ամենագեղեցիկ գոլը չեմ կարող նշել, քանի որ շատ են: Գուցե նշեմ ամենահիշարժանները: Առավել հիշվող են Օլդ Թրաֆորդում «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլս, ինչպես նաև Բուլղարիայի հետ խաղինը: Այս խաղերում բացի բուն գոլերից, հատկապես տպավորիչ էր ստադիոնի մթնոլորտը»:

ԻՆՉՈՒ՞ Է ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ԱՎԱՐՏՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մտածում էի անցած մրցաշրջանի վերջում ավարտել կարիերաս, բայց իմ ընտանիքը այստեղ չէր: Ցանկանում էի շարունակել, քանի որ սպասում էի հավաքականից հրավերի, եթե լինեմ անկեղծ: Սակայն հետո հասկացա, որ հնարավոր չէ։ Սկսել էի ցավազրկումներով ու սրսկումներով խաղալ: Ծունկս շատ էր անհանգստացնում, դրա համար հիմա որոշեցի կարիերաս ավարտել»:

«ՓՅՈՒՆԻԿԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ԵՎ «ՈՒՐԱՐՏՈՒԻՆ» ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փյունիկից» հեռացա, քանի որ այնտեղ գլխավոր մարզիչն այնպիսի դասավորությամբ էր խաղում, որն ինձ այնքան էլ հարմար չէր, մարզիչն ինձ այդ սխեմայում քիչ էր տեսնում: Ես չէի ասում՝ ինձ պարտադիր պետք էր խաղալու հնարավորություն տալ, բայց ես ցանկանում էի խաղալուց հաճույք ստանալ, մինչդեռ ես նույնիսկ մարզումային պրոցեսից հաճույք չէի ստանում»: