Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ԱԳՐԵՍԻՎ ՈՒ ԻՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԵՐԸ»

29/11/2023

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Վերջին շրջանում «Արարատի» հետ հանդիպումները բավական բարդ են ստացվում, և այս խաղը ևս բացառություն չէր: Շատ ուրախ եմ, որ ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի հասնել»:

«ԱՐԱՐԱՏԻ» ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք հասկանում էինք, որ մրցակցի ամենաուժեղ կողմը արագ գրոհն է: Նրանք կառուցում են իրենց խաղը ազատ տարածությունների վրա, որոնք շատ են լինում, երբ մեր ֆուտբոլիստները բաց են թողնում թիկունքը: Այս խաղում նման 1-2 դրվագ եղավ: Մենք գիտեինք դրա մասին ու փորձում էինք կանխել, բայց միշտ չէ, որ ստացվում էր: Այսօր, բարեբախտաբար, քիչ դրվագներում թույլ տվեցինք մրցակցին խաղալ իրենց խաղը:

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով, այս պարագայում կարևոր է հոգեբանության հարցը:  Պետք է վստահ լինեն սեփական ուժերին, հավատան իրենք իրենց: Իհարկե, մեր ֆուտբոլիստներն ունեն բարձր կարգ ու վարպետություն, բայց երբեմն  մեզ մոտ լինում են այդպիսի իրավիճակներ, երբ հոգեբանության պատճառով մենք չենք կարողանում պահպանել հաղթական հաշիվը: Մենք պետք է նաև աշխատենք առջևում, պետք է լինենք ավելի ագրեսիվ ու իրացնենք մեր գոլային պահերը: Դա նույնպես հոգեբանական հարց է»:

ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ԹՎՈՎ ԳՈԼԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դա իմ ցավոտ հարցն է: Այո, գիտեմ, որ այս պահին արդեն ավելի շատ գնդակ ենք ընդունել, քան նախորդ մրցաշրջանում: Վերլուծում ենք, բայց ինչ արած, ինքներդ եք տեսնում` ինչ գնդակներ են հայտնվում մեր դարպասում»:

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՐՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով նա կարող է աճել որպես հենակետային կիսապաշտպան: Նա թեպետ չունի փորձ, բայց նա ունի հսկայական պոտենցիալ: Մենք այսօր ստիպված նրան հանեցինք հենակետային գոտի, բայց մենք այդ քայլը համարում ենք հեռանկարային, քանի որ վաղուց ենք նկատել ու շատ ենք փորձել Արմանին այդ դիրքում»:

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ցավոք, նրա վերականգնումը սպասվածից երկար է տևում, բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի նա շուտ վերադառնա: Այսօր նա թիմի հետ էր, եկավ հանդերձարան, շնորհավորեց հաղթանակի առթիվ: Սպասում ենք Սերգեյի շուտափույթ ապաքինմանը»: