Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ․ «ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

03/03/2023

Մարտի 4-ին «Ուրարտու-2»-ը կվերսկսի ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածում։ Թիմի պաշտպան Արթուր Մելիքյանը խոսել է առաջնության վերսկսման, ակնկալիքների ու սպասվող առաջին դիմակայության մասին։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նախապատրաստական շրջանը թիմի համար, կարելի է ասել, շատ բարեհաջող անցավ, խոսքս ոչ միայն մեր մարզաբազայում անցկացրած շրջանի, այլև արտասահմանյան հավաքի մասին է։ Ստուգողական խաղերն էլ օգնեցին, բարելավեցինք մեր մարզավիճակը, փորձեցինք կատարել նաև մարզչի ցուցումները, որոնք, անշուշտ, պետք կգան նաև առաջնության ժամանակ։ Շատ կարևոր է նաև, որ այս պահին չունենք լուրջ վնասվածքներ, տղաները պատրաստ են խաղալու։ Այնպես որ, ամբողջ թիմով կազմուպատրաստ սպասում ենք գարնանային հատվածի վերսկսմանը»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ երկար ժամանակ բաց թողեցի ծանր վնասվածքիս պատճառով, գրեթե 10 ամիս չեմ եղել խաղադաշտում, շատ բարդ ժամանակահատված էր ինձ համար, բայց հիմա ապաքինվել եմ, ամեն ինչ լավ է։ Շնորհակալ եմ մարզիչներից ու ակումբից ինձ աջակցություն ցույց տալու համար։ Նախապատրաստական շրջանում առավելագույնս աշխատել եմ, որպեսզի պատրաստ մոտենամ առաջնությանը, վերջին ստուգողական խաղում էլ 90 րոպե անցկացրի, և հիմա կարող եմ ասել, որ պատրաստ եմ խաղալու թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, և մոտենում եմ առաջնությանը մեծ սպասելիքներով»։

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԻՑ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻՑ

«Գարնանային հատվածում, միանշանակ, ամեն խաղ հաղթելու համար ենք խաղալու, և փորձելու ենք հնարավորինս բարձր հորիզոնականում ավարտել մրցաշրջանը։ Առաջին խաղը «Փյունիկ Ակադեմիայի» հետ է, լավ թիմ է, կարծում եմ դիտարժան հանդիպում կլինի, և, իհարկե, սպասում ենք գարնանային հատվածի առաջին հաղթանակին»։