Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄԵՆՔ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»

11/05/2023

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագիրը մինչ 2026 թվականը։ Մասնագետը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին․ 

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՓՈՐՁԻ ՈՒ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՆԱԽՈՐԴ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այս ակումբը տարբերվում է նրանով, որ ինձ հետ երկարաձգեց պայմանագիրը ևս մեկ տարով, ավելի ճիշտ՝ մեկ տարի աշխատելուց հետո, բայց, իհարկե, սա նախևառաջ վստահություն է։Դա այն ենթակառուցվածքներն են, որն ունի ակումբը, այն երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք առաջընթաց են ապրում թիմում, դա այն փիլիոփայությունն ու քաղաքականությունն է, որը կա ակումբում, ու այդ ամենը ուղղված է հայկական ֆուտբոլի զարգացմանը»։

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՏԱՐԲԵՐ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ձեռքբերումների մասին խոսելը դեռ զուր է, երեք թիմերի հետ էլ մենք՝ մեր մարզչական շտաբը, ամենաբարձր տեղերի համար է պայքարում, ճանապարհները տարբեր են, թիմերը տարբեր են, ու այն փորձը, որը մենք կուտակում ենք, օգնում է մեզ զարգանալ ու զարգացնել ֆուտբոլիստներին, ու ամեն անգամ մեզ դարձնում է ավելի ուժեղ, հույս ունեմ մեր ձեռք բերած փորձը կօգնի նպատակներին հասնել»։

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈՒ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Դա, նախևառաջ, նոր ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքականում հայտնվելն է։ Երևի մարզչի ու նրա շտաբի համար սա որոշակի չափանիշ է, կարծում ենք, որ մարզիչներն աշխատում են խաղացողների զարգացման վրա, և միանշանակ, զարգացնելով նրանց՝ հասնում արդյունքի։ Դա սիմբիոզ է, երկու տարբեր բաներ են, որոնք անբաժանելի են մեր տեսանկյունից, ու ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

«Պատրաստվում ենք ամեն օր, սովորական ռեժիմով, հասկանում ենք որ առաջնության վերջնամասը թեժ է լինելու, ու թիմն ամբողջովին մարտական է տրամադրված ու պատրաստ է խաղալ ու հաղթել մնացած խաղերում»։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍԻՆ

«Այո, ամսի 13-ին Հայաստանի գավաթի եզրափակիչն է, մենք, միանշանակ, լրջորեն ենք պատրաստվում այդ խաղին, դա պայքար է տիտղոսի համար։ «Շիրակի» հետ արդեն 4 հանդիպում անցկացրել ենք, բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ գավաթային խաղերը բավական անկանխատեսելի են, հետաքրքիր, որտեղ որոշվում է ամեն ինչ մեկ խաղում, ու դա եզրափակիչն է։ Անհամբերությամբ սպասում ենք, մենք վայելում ենք պահը, մենք եզրափակչում ենք, սպասում ենք խաղին։ Մրցակցին էլ, իհարկե, ուսումնասիրում ենք, գիտենք նրան, ինչպես նա գիտի մեզ, այնպես որ, շատ հետաքրքիր խաղ է սպասվում»։

ԱԿՈՒՄԲԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընթացիկ մրցաշրջանում նույնպես տրանսֆերներ ունեցանք, եղան ձեռքբերումներ, մենք գիտենք թիմի փիլիսոփայությունը, և ինչպես արդեն նշեցի, Հայաստանի ազգային հավաքական «Ուրարտուից» հրավիրվեցին 4 ֆուտբոլիստներ, նաև Նարեկ Գրիգորյանը 5-րդն էր, նա մարզվեց բաց մարզման օրը, դա է հենց խոսում թիմի փիլիսոփայության մասին, այն չի փոխվելու։ Ինչպես և տրանսֆերներ եղան մինչ այդ, կլինեն նաև հաջորդ տարի, դա բնական սպորտային գործընթաց է»։