Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՅԻ ԵՎ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ

17/07/2023

«Զրինսկիի» հետ պատասխան խաղից առաջ կայացավ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի ու Արաս Օզբիլիզի նախախաղային ասուլիսը, որի ժամանակ լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին նրանց։

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ

ԽԱՂԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե,  մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, մենք գիտենք, որ բարդ մրցակից է բաժին հասել ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս խաղում հաղթանակ տոնենք։ Գիտենք, որ նրանք շատ վտանգավոր են հատկապես ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ, սակայն մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Նրանք շատ թիմային ֆուտբոլ են խաղում։ Մենք գիտենք, որ մրցակիցն ունի շատ լավ հարձակվող, որը վերջին 2 մրցաշրջաններում բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել։ Ինչպես նշեցի՝ ստանդարտ դիրքերը «Զրինսկիի» գլխավոր զենքերից է, իսկ նշածս հարձակվողը՝ գլխավոր վտանգն Է ներկայացնում այդ ստանդների ժամանակ։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՇԱՆՍԵՐԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂՈՒՄ

«Մենք պատրաստվում ենք պայքարել մինչև վերջ, իսկ շանսերը միշտ էլ կան՝ մինչև վերջին վայրկյանը»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես գիտեք՝ մի փոքր ուշ եմ սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն կարող եմ ասել, որ շատ չեմ կորցրել։ Ինձ շատ լավ եմ զգում, սակայն չեմ կարող ասել, թե քանի տոկոսով եմ պատրաստ խաղին»։

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ

ՄՐՑԱԿՑԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իրենք հրաշալի պաշտպանություն ունեն, թիմային պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, սակայն կարծում եմ, որ մենք աչագությամբ կարող ենք նրանց գերազանցել։ Իմ կարծիքով մեր վտանգը մենք կստեղծենք հենց արագ ֆուտբոլի շնորհիվ»։

«ԶՐԻՆՍԿԻԻ» ԿԱԶՄՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԸՍՏ ՄԱՐԶՉԻ

«Կոնկրետ մի ֆուտբոլիստի պետք չէ առանձնացրել։ Ես նայել եմ մեր մրցակցի խաղը, գիտեմ նրանց փիլիսոփայությունը, ուսումնասիրել եմ ուժեղ և թույլ կողմերը։ Ինձ համար առավել վտանգավոր են «Զրինսկիի» կենտրոնական և եզրային հարձակվողները և եզրային պաշտպանները, որոնցից մեկն արդեն երկար ժամանակ է՝ խաղում է մեր մրցակցի կազմում։ Հետևել եմ նաև «Զրինսկիի» տրանսֆերներին, սակայն ենթադրում եմ, որ դրանցով «Զրինսկին» չի սահմանափակվի»։

ԻՎՈՒԻ՝ ԹԻՄԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այո, մենք կորցրել ենք մեր առաջատարներից մեկին, սակայն միևնույն ժամանակ մենք գիտեինք, որ նման բան տեղի է ունենալու, քանի որ տեղյակ էինք, որ Իվուն բանակցում է այլ ակումբի հետ և պատրաստվում է տեղափոխվել»։

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍՏԱՐԻՑ ՈՒ ՍՏԱԴԻՈՆԻՑ

«Դեռևս կարող եմ կարծիք հայտնել միայն հյուրանոցի մասին, քանի որ տեսել եմ միայն դա։ Քիչ առաջ իմացա, որ Մոստարում ապրում է մոտ 200.000 մարդ, և մեր թիմին նրանք շատ լավ դիմավորեցին, կցանկանամ տեսնել նաև ստադիոնը և թե ինչպիսի խոտածածկ ունի այն․ դա կանեմ ասուլիսից հետո։ Քաղաքը փոքր է, հարմարավետ, ամեն ինչ իրար մոտ է։

ԹԻՄԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մենք ֆիզիկապես շատ լավ ենք պատրաստվել։ Իհարկե, մեր ուսումնամարզական հավաքը սովորականից մի փոքր կարճ տևեց, սակայն տեսնում եք, որ թիմը շատ լավ է պատրաստվել։ Դա ցույց տվեց առաջին հանդիպումը։

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նրանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Հասկանալի է, որ խաղի ելքը մի փոքր անտրամաբանական էր, եթե չասենք ավելին։ Հանդիպումը կարող էր ավարտվել և ոչ-ոքի, թեպետ գոլային պահերով «Ուրարտուն» գերազանցեց մրցակցին, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Մենք մոռացել ենք դա ու գերազանց տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա խաղին»։

ՍԱՆՈԳՈՅԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Սանոգոն ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել նախորդ խաղի դրվագներից մեկում։ Նա մկանն է ձգել, չեմ կարծում, որ վերականգնումը 3-4 շաբաթից ավել տևի։ Հույս ունենանք, որ հենց այդքան ժամանակ անց մենք նրան նորից խաղադաշտում կտեսնենք»։