Not Selected

ԶԻՋԵՑԻՆՔ «ՖԱՐՈՒԼԻ» ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ

27/07/2023

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց Ռումինական «Ֆարուլի» հետ։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Մեր թիմից գոլի հեղինակներ դարձան Արտյոն Մաքսիմենկոն և Իվան Զոտկոն իսկ մրցակցից՝ Տուդոր Բալուտան, Ադրիան Մազիլուն և Լոնուտ Լարինը։

Առաջին խաղակեսում ստացվեց կրակոտ ֆուտբոլ։ Մրցակցի բարձր պրեսինգի դեմ Դմիտրի Գունկոյի թիմը փորձում էր երկար փոխանցումներով հարձակման կրակակետում գտնվող Մաքսիմենկոյին և Գրիգորյանին։ Չնայած մրցակցի ակտիվ խաղին մեր ֆուտբոլիստները խելացի գործելով պարբերաբար մոտենում էին մրցակցի դարպասին և հանդիպման 23-րդ րոպեին, գեղեցիկ խաղարկումից հետո Դրաման Սալուն դուրս բերեց հարվածային դիրք Արտյոմ Մաքսիմենկոյին, ով էլ դիպուկ հարվածով առաջ մղեց մեր թիմին հաշվի մեջ։ Բաց թողած գնդակից հետո «Ֆարուլը» ավելի ակտիվ սկսեց գործել հարձակման գծում և պատասխասնը չուշացավ։ 27-րդ րոպեին Բալուտան վերականգնեց հավասարությունը։ Մեկական գոլով փոխանկվելուց հետո թիմերը չիջեցրին տեմպը։ 38-րդ րոպեին մոտ 25 մետր հեռավորությունից, տուգանային շքեղ հարվածով «Ուրարտուի» երկրորդ գոլը խփեց Իան Զոտկոն։ Ցավոք հաղթական հաշվով ավարտին հասցնել առաջին խաղակեսը չստացվեց։ Առաջին կեսի ավելացված 4-րդ րոպեին Մազիլուն ոչ պակաս գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2-2։

Երկրորդ խաղակեսում մրցակիցը օգտվելով երկրպագուների բուռն աջակցությունից ավելի մեծ ուժերով նետվեց առաջ, չնայած որ մեր թիմը նույնպես ակտիվ էր։ Որոշ դրվագներում գլխավոր մրցավարի կայացրած որոշումները, մեղմ ասած, անհասկանալի էին։ Խաղավերջում մրցակիցը պաշարել էր մեր տուգանային հրապարակը և ավելացված ժամանակի 3-րդ րոպեին, Լարի հուժկու հարվածը հաղթանակ ապահովեց առաջին խաղում «Ֆարուլի» համար՝ 3-2․ 

Այսպիսով, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

«ՖԱՐՈՒԼ ԿՈՆՍՏԱՆՑԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-2

0-1 Արտյոմ Մաքսիմենկո (23'), 1-1 Տուդոր Բալուտա (28'), 1-2 Իվան Զոտկո (38'), 2-2 Ադրիեն Մազիլու (45+4'), 3-2 Լոնուտ Լարի (90+3՛)