Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՅԻ ԵՎ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ

02/08/2023

«Ֆարուլի» հետ պատասխան խաղից առաջ կայացավ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի ու Նարեկ Գրիգորյանի նախախաղային ասուլիսը, որի ժամանակ լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին նրանց։

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Նախապատրաստական լավ փուլ ենք անցել մինչ Եվրագավաթների ու առաջնության սկսվելը, շատ լավ մարզավիճակում եմ գտնվում ու պատրաստ եմ ամբողջական հանդիպում անցկացնել, անում ենք առավելագույնը, որպեսզի վերականգնվենք ամեն խաղից հետո՝ չնայած դրանք իրար շատ մոտ են: Մեկնարկել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգան, անում ենք ամեն հնարավորը ամեն խաղին 100%-ով պատրաստ լինելու համար:

«ՖԱՐՈՒԼԻ» ՄԱՍԻՆ

«Թիմի հետ 1 խաղ արդեն անցկացրել ենք ու բավական ծանոթ ենք նրանց, արդեն հասկացել ենք՝ ինչ մարտավարությամբ են խաղում, որոնք են թիմի ուժեղ ու թույլ կողմերը, բայց շարունակում ենք վերլուծել թիմին՝ արդեն դիտելով մեր խաղի տեսանյութերը: Նրանց ուժեղ կողմերից մեկը լավ հակագրոհներն են, որը տեսանք երկրորդ խաղակեսում, փորձելու ենք այնպես անել, որ ավելի շատ օգտագործենք մեր ուժեղ կողմերն ու անցնենք հաջորդ փուլ»:

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԹԻՄԻ ՊԱՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ որևէ ֆիզիկական խնդիր չունենք, քանի որ «Զրինսկիի» հետ պատասխան խաղն ապացուցեց, որ թիմը կարող է 120 րոպե բարձր մակարդակով խաղալ, թելադրել խաղն ու որոշել դրա տեմպը: Այս անգամ ավելի շատ ճանապարհն էր երկար, ըստ իս պատճառը դրանում էր, որ այն հոգնեցրել էր թիմին»:

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ

«ՈՒՐԱՐՏՈՒԻ»՝ ՈՉ ՍՏԱԲԻԼ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Չէի խառնի բոլոր 4 խաղերը, քանի որ մրցակիցները, որոնց հետ մենք խաղացել ենք, բոլորը տարբեր էին: Այլ բան է մրցակցին ուսումնասիրել տեսանյութերով, այլ է, երբ հանդիպում ես նրան դեմ առ դեմ, այդ դեպքում կարող ես հասկանալ՝ ինչ փոփոխություններ արժե կատարել ընդմիջմանը»:

ԹԻՄՈՒՄ ԱՌԿԱ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 «Կարեն Մելքոնյանի վնասվածքի մասին լուրը հուսադրող չէ. Նրա մոտ խաչաձև կապանի կտրվածք է, ուստի վիրահատության կարիք կլինի, և կսպասենք նրան 6 ամսից:

Պերիշան «Զրինսկիի» հետ տնային խաղում ոտքը սխալ դրեց, որից հետո ոսկորները չդիմացան ու կոտրվածք եղավ: Էդուարդոն այսօրվանից ընդհանուր խմբում է մարզվում, Մոգիլևեցին հարկադված փոխարինեցինք «Ֆարուլի» հետ խաղի 9-րդ րոպեին, լուրջ չէ, նա վերականգնվում է: Սերգեյ Մկրտչյանին էլ արդեն սպասում ենք ընդհանուր խմբում, նա վերականգնվելու ճանապարհին է, իսկ ինչ վերաբերում է Սանոգոյին, վնասվածքը մկանային է, որը ստացավ «Զրինսկիի» հետ առաջին խաղի վերջնամասում»:

ԹԻՄԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒ «ՖԱՐՈՒԼԻ» ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ դա կապված էր նրա հետ, որ մենք փոփոխություններ կատարեցինք ու ֆուտբոլիստների համար դժվար էր մտնել այդ տեմպի մեջ, ուստի լինում էր ժամանակահատված, երբ մենք առանց գնդակի էինք մնում: Այդ ինտենսիվության պակասը զգացվում էր հատկապես պաշտպանությունում»:

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ

«Այն ստանդարտները, որոնք եղան «Զրինսկիի» մոտ, երևի չեն լինի, նրանք սիրում են ցածրից խաղարկել գնդակը, բայց մենք պատրաստվում ենք, հասկանում ենք՝ ինչպես են նրանք դա իրացնելու: Խոտածածկի հետ կապված՝ կարծում եմ՝ այն նույնն է լինելու երկու թիմերի համար»:

ՄԱՐԶՉԻ ՈՒ ԹԻՄԻ՝ ԱՅԼ ՍԽԵՄԱՅԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արարատ-Արմենիան գլխավորելու ժամանակ մենք խաղում էինք 4-3-3 սխեմայով և չէինք փոխում այն. զբաղեցրինք երկրորդ հորիզոնականը: Եթե ուշադիր եք հետևում «Ուրարտուի» ելույթներին, ապա նկատած կլինեք, որ թիմը կարողանում է հարմարվել մրցակցի խաղաոճին, և հենց դա մեզ հասցրեց այն հաղթանակին, որն ունեցավ «Ուրարտուն» նախորդ մրցաշրջանում: Այդպես մենք ի ցույց ենք դնում մեր ուժեղ կողմերը՝ չփոխելով խաղի սկզբունքը: Այս պահին մենք ունենք վնասվածք ստացած շատ ֆուտբոլիստներ, իսկ այս դեպքում ովքե՞ր են փոխարինելու նրանց, եթե մենք չցանկանանք փոխել սխեման»:

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒ ՆԱՆԱ ԱՆՏՎԻԻ՝ ՆՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տարբեր ֆուտբոլիստներ տարբեր կերպ են հարմարվում տվյալ սխեմաների: Եթե խոսենք Ժիրայր Մարգարյանից, ապա նրան ավելի հարմար է, երբ իր առջև ունի ֆուտբոլիստ, իսկ Նանա Անտվիի համար էական տարբերություն չկա, թե որ դիրքում կխաղա նա»: