Not Selected

ՏԱՍԸ ՀՈԳՈՎ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

27/02/2024

IDBank Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Պերիշա Պեշուկիչը, իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Արտակ Դաշյանը։

Երևանյան դերբին յուրահատուկ մեկնարկ ստացավ. հյուրընկալել էինք Ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոններ Գոռ Սահակյանին և Ալեքսանդրա Գրիգորյանին, վերջինս էլ կատարեց հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը։

Խաղի հենց մեկնարկում մրցակցին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում Արտակ Դաշյանը 5-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց: 9-րդ րոպեին գործի մեջ մտավ նաև մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, որը շքեղ սեյվով հետ մղեց Յուսուֆ Օտուբանջոյի հարվածը:

Գոլ բաց թողնելուց հետո «Ուրարտուն» նետվեց առաջ, սակայն քիչ թե շատ վտանգավոր պահ ստեղծել չհաջողվեց: Իսկ «Փյունիկը» հիմնականում գործում էր առանց առանձնահատուկ ակտիվության: Այդպես, մինչև մրցավարի ավելացված ժամանակը ոչ մի արտառոց դրվագ չգրանցվեց, իսկ ավելացված 5-րդ րոպեին մեր թիմը խփեց պատասխան գոլը: Արման Ղազարյանի փոխանցումից հետո Թեմուր Ջիկիան մնաց մեն-մենակ Բուչնևի դեմ ու անարգել գրավեց դարպասը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ արձանագրեց խաղից դուրս վիճակ ու գոլը չհաշվեց: Հաջորդ րոպեին «Փյունիկը» նետվեց գրոհի, որը սահանկման գնով խափանեց Նարեկ Աղասարյանը: Նա մրցավարի կողմից զգուշացվեց երկրորդ դեղին քարտով ու հեռացվեց դաշտից: Առաջին կեսն «Ուրարտուն» ավարտեց 10 հոգով և 0-1 հաշվով:

Ընդմիջմանը Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց թիմի նորեկ Դենիս Գլուշակովին, որը զգալիորեն ակտիվացրեց խաղը միջին գծում: Օգտագործելով մրցակցի թուլացված զգոնությունը՝ «Ուրարտուն» հավասարեցրեց հաշիվը: Պերիշա Պեշուկիչը 58-րդ րոպեին աջ եզրում ստացավ գնդակն ու կախեց մրցակցի տուգանային հրապարակ: Գնդակն անսպասելի հետագծով հայտնվեց մրցակցի դարպասում: 65-րդ րոպեին մրցակիցը կազմակերպեց սրընթաց հակագրոհ, որն ավարտվեց Լուկա Յուրիչիչի հարվածով: Մելիխովը հետ մղեց գնդակը, վրա հասած Հովհաննես Հարությունյանը բարձր հարվածեց: 81-րդ րոպեին նույն Հարությունյանը դարպասային գծի մոտից հարվածեց, սակայն Մելիխովը փրկեց իր թիմին` հեռացնելով գնդակը անկյունային: Խաղի վերջին րոպեներն էլ ավելի լարված ստացվեցին, և, չնայած մեր թիմի համառ պայքարին, հաղթանակ կորզել չկարողացանք։ Այսպիսով, թիմերը մեկական միավոր վաստակեցին։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեզ համար արտագնա է։ Մարտի 2-ին Գյումրում հյուրընկալվելու ենք «Շիրակին»։ Խաղը կմեկնարկի 15։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 1-1

0-1 Արտակ Դաշյան (5'), 1-1 Պերիշա Պեշուկիչ (58')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 6․ Արման Ղազարյան (13․ Վլադիսլավ Պանտելեեև 77'), 88․ Ժիրայր Մարգարյան, 9․ Նարեկ Աղասարյան, 21․ Անդրեյ Կրավչուկ (99․ Խարիտոն Այվազյան 77'), 19․ Նիկոլայ Պրուդնիկով (8․ Դենիս Գլուշակով 46'), 77․ Թեմուր Ջիկիա (17․ Ալեքսանդր Դոլգով 61' (18․ Լեոն Սաբուա 85'), 11․ Գևորգ Տարախչյան։

Պահեստայիններ՝  91․ Հայկ Ղազարյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 3․ Էրիկ Փիլոյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 5․ Դրաման Սալու, 8․ Դենիս Գլուշակով, 13․ Վլադիսլավ Պանտելեեև, 17․ Ալեքսանդր Դոլգով, 18․ Լեոն Սաբուա, 53․ Դավիթ Հարությունյան, 90․ Օլեգ Պոլյակով։