Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ՝ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

13/04/2024

IDBank Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց ԲԿՄԱ-ի հետ։ Մեր տղաները կարողացան հաջողության հասնել 2-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում աչքի ընկան Թեմուր Ջիկիան ու Էրիկ Սիմոնյանը, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Էդիկ Վարդանյանը։

ՎԻՃԵԼԻ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ ԵՎ ԳՈԼԱԶՈՒՐԿ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման մեկնարկում մեր թիմը շատ ակտիվ էր: Առաջին 10 րոպեների ընթացքում մեր թիմը շատ մոտ էր հաշիվը բացելուն: Նախ 4-րդ րոպեին Նիկոլայ Պրուդնիկովի հարվածը թույլ ստացվեց, 11-րդ րոպեին Եվհենի Ցիմբալյուկը գլխի հարվածով փորձեց գրավել մրցակցի դարպասը, բայց գնդակը մի փոքր բարձր ընթացավ: Մրցակիցը պարբերաբար դուրս էր գալիս բարձր պրեսինգի և ճնշում էր մեր տղաներին: 20-րդ րոպեին բանակայիններն այդպես ստիպեցին սխալվել Լուքման Գիլմորին: Նրանից խլած գնդակը մեր դարպասն անցկացրեց Արայիկ Էլոյանը, բայց մրցավարները դրվագն ուսումնասիրելուց հետո գոլը չեղարկեցին` արձանագրելով խախտում Գիլմորի հետ պայքարում: 25-րդ րոպեին Ալեքսանդր Դոլգովը մնաց մեն-մենակ Գոռ Մատինյանի հետ, փոխանցեց Պրուդնիկովին, բայց մեր հարձակվողը չկողմնորոշվեց և մրցակիցը խլեց գնդակը: Եվս 5 րոպե անց հարվածային դիրք դուրս եկավ Գևորգ Տարախչյանը, բայց նրա հեռահար հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

42-րդ րոպեին մեր թիմն ունեցավ ևս մեկ իրական շանս հաշիվը բացելու համար: Արագ հակագրոհի արդյունքում գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում կանգնած Լուքման Գիլմորի մոտ: Վերջինս փափուկ հարված կատարեց, բայց Մատինյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային: Մրցավարի ավելացված ժամանակում նորից գեղեցիկ պահ ունեցավ Պրուդնիկովը, սակայն նրա հարվածից հետո Մատինյանը դարձյալ անառիկ իր դարպասը` ոտքով հետ մղելով գնդակը: Այդպես էլ դարպասի գրավում առաջին կեսում չեղավ:

ԹԵԺ ԽԱՂԱՎԱՐՏ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 

Երկրորդ կեսի մեկնարկը ավելի հաջող ու վտանգավոր սկսեցին հյուրերը: Հենց նրանց հաջողվեց ստեղծել առաջին սուր պահը: 54-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանը գրոհի նետեց Գրենիկ Պետրոսյանին, սակայն նրա հարվածից հետո Մելիխովը փրկեց մեր թիմին: Շատ չանցած՝ «Ուրարտուն» ուշքի եկավ ու նորից սկսեց ճնշել մրցակցին: 62-րդ րոպեին գերազանց հակագրոհն ավարտվեց փոխարինման դուրս եկած Դրաման Սալուի հարվածով, բայց վերջին պահին պաշտպանը հետ մղեց գնդակը: 70-րդ րոպեին, ի վերջո, մեր ճնշումը պսակվեց հաջողությամբ:

Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց մրցակցի մոտ: Թեմուր Ջիկիան ստիպեց նրան կորցնել գնդակը և անարգել գրավեց Մատինյանի դարպասը: 90-րդ րոպեին մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը դուրս եկավ մեն-մենակ Մատինյանի դեմ, սակայն հարվածը լավ չստացվեց: Մրցավարի ավելացված ժամանակում Մարգարյանը ևս մեկ հնարավորություն ձեռքից բաց թողեց` այս անգամ սուր անկյունից բարձր հարվածելով:

Հաջորդ իսկ գրոհի ժամանակ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը կարող էր հանել փոխարինման դուրս եկած Միքայել Միրզոյանը, բայց Մատինյանը հեռացրեց գնդակն անկյունային: 94-րդ րոպեին ԲԿՄԱ-ն կարողացավ հասվասարեցնել հաշիվը: Անդրադարձի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը: Բայց մեր տղաները ցույց տվեցին նախանձելի կամքի ուժ հաղթանակի նժարը թեքեցին իրենց կողմը: Մրցավարի ավելացված 7-րդ րոպեին հաղթական գոլն իր նախկին թիմին խփեց Էրիկ Սիմոնյանը՝ խփելով այս մրցաշրջանում իր առաջին գոլը։ 

ՀԱՋՈՐԴ ԽԱՂԸ 

Առաջնությունում հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն ապրիլի 17-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 2-1

1-0 Թեմուր Ջիկիա (70'), 1-1 Էդիկ Վարդանյան (90+4'), 2-1 էրիկ Սիմոնյան (90+7')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 55. Էրիկ Սիմոնյան, 4. Եվհենի Ցիմբալյուկ, 3. Էրիկ Փիլոյան, 12. Լուքման Գիլմոր (22. Միքայել Միրզոյան 90+1'), 9. Նարեկ Աղասարյան (5. Դրաման Սալու 61'), 90. Օլեգ Պոլյակով, 11. Գևորգ Տարախչյան (21. Անդրեյ Կրավչուկ 46'), 17. Ալեքսանդր Դոլգով ( 77. Թեմուր Ջիկիա 61') 19. Նիկոլայ Պրուդնիկով (8. Դենիս Գլուշակով 46')։

Պահեստայիններ՝  1. Մխիթար Ումրեյան, 52. Ալեքսանդր Միշեև, 6. Արման Ղազարյան, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 99. Խարիտոն Այվազյան, 8. Դենիս Գլուշակով, 13. Վլադիսլավ Պանտելեև, 21. Անդրեյ Կրավչուկ, 5. Դրաման Սալու, 22. Միքայել Միրզոյան,  18. Լեոն Սաբուա, 77. Թեմուր Ջիկիա։