Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՀԵՏ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

20/04/2024

«Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում հաղթանակ տոնեց «Արարատ-2»-ի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով։ Կարեն Առաքելյանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Ղիասյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պետրոս Մանուկյանը։

Հանդիպման առաջին կեսում հավասար ֆուտբոլ տեսանք՝ քիչ պահերով, սակայն պետք է արձանագրենք նաև, որ հենց մեկնարկից նախաձեռնողի դերում «Ուրարտու-2»-ն էր։ Մեր տղաները գնդակը մրցակցի տուգանային բավական գրագետ էին հասցնում՝ պահեր ստեղծելով դարպասը գրավելու, սակայն եզրափակիչ հարվածը կատարել խանգարում էին մրցակցի պաշտպանները, կամ էլ դարպասապահն իր վրա էր ընդունում հարվածները։ Նման իրավիճակ ստեղծվեց խաղի 30-րդ րոպեին, երբ իր անվան դիմաց գոլ կարող էր գրանցել Դավիթ Հարությունյանը, սակայն իր թիմին օգնության հասավ դարպասապահը։ Թիմերը հանդերձարան գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսն առաջինին ոչնչով նման չէր։ Մեր թիմը սկսել էր ճնշում գործադրել տանտերերի դարպասի ուղղությամբ՝ արդեն հստակ նպատակով։ Գոլային մի քանի պահի անհաջող ավարտից հետո «Ուրարտու-2»-ի տղաները նետվեցին առաջ և կարողացան բացել հաշիվը 60-րդ րոպեին։ Հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դավիթ Ղիասյանը։ Ֆուտբոլիստը 8 րոպե անց կարողացավ նաև դուբլ գրանցել իր օգտին՝ հաշիվը դարձնելով 0-2։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ Դավիթ Հարությունյանը ևս մեկ պահ ունեցավ, սակայն գնդակը բաժին հասավ պաշտպաններին, որոնք թույլ չտվեցին մեր հարձակվողին գրավել դարպասը։ Բայց դա արեց թիմի ավագը՝ Պետրոս Մանուկյանը՝ «Արարատ-2»-ի դարպասը 3-րդ գնդակն ուղարկելով մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ Այսպիսով՝ արտագնա խաղում կարողացանք հերթական 3 միավորը վաստակել։

Արդեն 25-րդ տուրի շրջանում մեր թիմը տանը կհանդիպի «Նոա-2»-ին։ Խաղը կկայանա ապրիլի 25-ին, մեկնարկը՝ 18։00-ին։ 

«ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-3

0-1 Դավիթ Ղիասյան (60'), 0-2 Դավիթ Ղիասյան (68'), 0-3 Պետրոս Մանուկյան (90+2')

«ԱՐԱՐԱՏ-2»․ 13. Դավիթ Արտենյան, 8. Էդգար Կարապետյան, 15. Ալեքսանդր Ալեքսանյան, 21. Գոռ Ղուկասյան, 6. Մանվել Սայադյան, 5. Ալիկ Հովհաննիսյան, 25. Արմեն Երանոսյան, 18. Նարեկ Համբարձումյան, 14. Հովհաննես Հովսեփյան, 11. Կալիֆալա Դումբիա, 3. Դավիթ Ղազարյան։ 

Պահեստայիններ՝  1. Էդգար Ֆիթիլջյան, 24. Արամ Ասլանյան, 26. Գագիկ Սիմոնյան, 45. Ալեն Ղալթախչյան, 10. Էրիկ Շաղոյան, 99. Սուրեն Գրիգորյան, 9. Ազատ Հակոբյան, 80. Բորիս Մխիթարյան, 27. Էրիկ Մարգարյան, 7. Արամայիս Խաչատրյան, 29. Հովիկ Պետրոսյան, 70. Ալեն Մկրտչյան։  

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80. Պետրոս Մանուկյան (ա),  29. Արթուր Իսրայելյան, 19. Գևորգ Գրիգորյան, 15 Կարեն Դավթյան, 66. Ալիկ Մկրտչյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 47. Դավիթ Հարությունյան, 16. Գագիկ Մելոյան, 87. Վահե Շափաղաթյան։

Պահեստայիններ՝ 1. Արսեն Ղամբարյան, 93. Ռազմիկ Մարության, 40. Խաչատուր Կիրակոսյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 13. Արամ Ազարյան, 71. Էրիկ Ասատրյան, 45. Էմմանուել Դիտու, 27. Արթուր Պողոսյան։