Not Selected

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

08/04/2024

Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում «Ուրարտուն» ապրիլի 9-ին Գյումրիում կհյուրընկալվի «Շիրակին»:

Գավաթային այդ մրցավեճում հաղթանակը մեր թիմին շատ է անհրաժեշտ ոչ միայն պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակելու, այլև եվրագավաթային ուղեգիր նվաճելու առումով:

Երկու թիմերն էլ պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել են քառորդ եզրափակչից: Հայաստանի գործող գավաթակիր «Ուրարտուն» մարտի 12-ին սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Հաղթանակն ապահովեցին Անդրեյ Կրավչուկի և Նարեկ Աղասարյանի խփած 2-ական գոլերը: «Շիրակն» էլ հյուրընկալվելիս 11-մետրանոց հարվածով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր սիրողական լիգայում հանդես եկող «Կիլիկիային»:

Հայաստանի գավաթի խաղարկություններում մրցակիցները 10-րդ անգամ են հանդիպելու: Մեր թիմը զգալի առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ 7 անգամ հաղթահարելով շիրակցիների արգելքը:

1993թ. կայացած մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունում հաջողությունն ուղեկցել է «Շիրակին» (2-1, 1-1): Հաջորդ 5 երկխաղյա դիմակայություններում մեր թիմին հաջողվել է պայքարից դուրս թողնել «Շիրակին» (2004թ.՝ 0-2, 3-0, 2005թ.՝ 5-2, 1-0, 2006թ.՝ 0-0, 2-1, 2008թ.՝ 1-0, 0-1, 6-5՝ 11մ, 2010թ.՝ 1-0, 3-0): Դրանից հետո մրցակիցները մեկական անգամ են հաջողության հասել: «Շիրակն» առավելության է հասել 2012թ. խաղարկությունում (2-1, 0-0), «Բանանցը»՝ 2013/14թթ. մրցաշարում (2-1, 0-1):

Գավաթի նախորդ մրցաշարում «Ուրարտուն» և «Շիրակը» հանդիպեցին եզրափակչում: Նախորդ տարվա մայիսի 13-ին «Հանրապետականում» կայացած խաղի արդեն 25-րդ վայրկյանին Դավիթ Խուրցիձեն հաշվի մեջ առաջ մղեց «Ուրարտուին»՝ խփելով գավաթի եզրափակիչ հանդիպումներում ամենաարագ գոլը: 5 րոպե անց Մուսա Փոլ Բակայոկոն հավասարեցրեց հաշիվը: 85-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը խփեց հաղթական գոլը՝ իր թիմին արժանացնելով քառակի գավաթակրի տիտղոսին:

Ընդ որում թիմի անվանափոխությունից հետո «Ուրարտուն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: Նախկինում մեր թիմը պատվավոր մրցանակին արժանացել էր 1992, 2007 և 2015/16թթ. խաղարկություններում:

Մինչ օրս գավաթի մրցաշարերում «Ուրարտուի» և «Շիրակի» միջև 17 խաղ է կայացել: 9 խաղում հաղթել է «Ուրարտուն», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 5-ում հաղթել են գյումրեցիները: Մեր թիմը խփել է 23 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 14 գնդակ: