Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ԱՍՏԱՆԱՅԻ» ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

30/01/2024

«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում այս օրերին անցկացնում է ուսումնամարզական հավաք և հունվարի 30-ին անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը իսկ մրցակիցը Ղազախական «Աստանան» էր։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Հարկ է նշել, որ առաջին խաղակեսում իրենց նորամուտը նշեցին ակումբի սաներ Արթուր Իսրայելյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Դավթյանն ու Դավիթ Ղիասյանը։ Իր առաջին րոպեներն անցկացրեց թիմի կազմում նաև Լուքման Գիլմորը։

Առաջին խաղակեսում Դմիտրի Գունկոյի տղաները ավելի վստահ էին գործում և փորձում խաղը վերցնել իրենց ձեռքը իսկ «Աստանան» ավելի շատ աշխատում էր հակագրոհների վրա։ Առաջին լուրջ պահը ստեղծեցին մեր տղաները, երբ Դավիթ Հարությունյանը հարվածեց միջին տարածությունից, բայց դարպասապահը կարողացավ որսալ գնդակը։ «Ուրարտուի» ճնշումը շարունակվեց ամբողջ խաղակեսի ընթացքում։ Խաղի միջնամասում հեռահար ուժեղ հարված կատարեց արդեն Արթուր Իսրայելյանը, բայց դարպասապահը կրկին տեղում էր՝ հեռացնելով գնդակը դաշտի սահմաններից։

Ընդմիջումից հետո թիմի կազմն ամբողջությամբ փոխվեց բայց չփոխվեց խաղի պատկերը՝ «Ուրարտուն» գրոհում էր, իսկ մրցակիցը խաղում արագ հակագրոհների վրա։ Իրենց նորամուտները նշեցին Ալվարո Վելիեզը, Ալեքսանդր Պուցկոն, Անդրեյ Կրավչուկն ու Ալեքսանդր Միշիևը։

Հանդիպման 50-րդ րոպեին, սխալ փոխանցում կատարեց դարպասապահ Ալեքսանդր Միշիևը, սակայն մրցակիցը չկարողացավ օգտվել ստեղծված հնարավորությունից։ Ժամանակին համընթաց  «Ուրարտուն» մեծացրեց ճնշումը և 70-րդ րոպեին կարող էր բացել հանդիպման հաշիվը։ Գևորգ Տարախչյանի շքեղ հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Պայքարը շարունակվեց մինչև վերջին րոպե, սակայն հաղթող այս խաղում չորոշվեց՝ 0-0։

Հիշեցնենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 2-ին իսկ մրցակիցը՝ «Ջոնբուկ Հյունդայի Մոթորսը»։